Գլխավոր առաքելությունը Հայաստանի մշակութային կյանքի ակտիվացմանն աջակցելն է

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ կառավարության կողմից ստեղծված Մշակույթի զարգացման հիմնադրամն ամփոփել է վերջին շրջանում իրականացված ծրագրերը։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում անցկացված միջոցառմանը, բացի կատարված և առաջիկա ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելուց, հիմնադրամը շնորհակալագրեր է հանձնել նաև այն լրատվամիջոցներին ու ինֆլուենսերներին, ովքեր լուսաբանել են թանգարանների գործունեությունն ու նպաստել դրանց հանրահռչակմանը: 
 
Ամփոփիչ արդյունքները ներկայացրել է Մշակույթի զարգացման հիմնադրամի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։ 
 
- Հիմնադրամը կազմավորվել է ի նպաստ ՀՀ մշակութային քաղաքականության արդյունավետ իրագործման, ազգային մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման, ինչպես նաև միջազգային հարթակներում հայկական մշակութային արժեքների ներկայացման։ Գլխավոր առաքելությունն է աջակցել Հայաստանի մշակութային կյանքի ակտիվացմանը՝ տրամադրելով նյութատեխնիկական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն այն նախաձեռնություններին, ծրագրերին ու նախագծերին, որոնք միտված են հայ ազգային մշակույթի վերարժևորմանն ու ժամանակակից մշակութային դրսևորումների խթանմանը։ Հիմնադրամը բաց է համագործակցության համար ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մշակութային հաստատությունների, հիմնադրամների, դիվանագիտական ներկայացուցչությունների և անհատ ստեղծագործողների հետ՝ նպաստելով մշակութային երկխոսության և համատեղ նախագծերի իրականացմանը,- իր խոսքում նշել է Ռոզա Գրիգորյանը։ 
 
Նա տեղեկացրել է, որ հիմնադրամն այս պահին համագործակցում է ավելի քան 20 թանգարանների հետ՝ իրականացնելով թանգարանների հանրահռչակման, մարքեթինգի, PR-ի, SMM-ի, հաշվապահական և այլ հարցերի վերաբերյալ գործառույթներ: Առանձնահատուկ նշվեց նաև, որ հիմնադրամի իրականացրած կարևոր նախագծերից  են եղել «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը և մարքեթինագային արշավը, որն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու, Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը, Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառին Հայաստանի մասնակցությունը, «Տարեհաց» խորագրով ամանորյա ուտեստների տոնավաճառի կազմակերպումը Երևանում և այլն: Հատկանշական է նաև Հայաստանի 9 թանգարանների տնօրենների՝ ԱՄՆ կատարած այցը, ինչպես նաև համագործակցությունների հաստատումը բրիտանական թանգարանների հետ։ 
 
Հիմնադրամը «Թանգարանային գիշերվա» ընթացքում ղեկավարել է մի շարք թանգարանների համար թիրախային սոցիալական մեդիա արշավների իրականացումը: Այս արշավները ակտիվորեն ներգրավել են ինֆլուենսերների և բլոգերների, ներառել են անիմացիոն բովանդակություն և տեսանյութեր, ինչպես նաև ռազմավարական առումով խթանել են հանրային հետաքրքրությունը թվային հարթակներում: Արդյունքում, այցելուների թիվը զգալիորեն աճել է՝ նախորդ տարվա համեմատ մոտ 100,000-ով ավելի շատ այցելուներ ներգրավվելով թանգարաններ։ Բացի այդ, Երևանի գինու օրերի շրջանակներում Մշակույթի զարգացման հիմնադրամը ներկայացրել է «Գինովցած նամակներ» խորագրով ինտերակտիվ տաղավար: Այս հետաքրքիր նախագիծը այցելուներին առաջարկում էր ընտրել բացիկներ, որոնց վրա հայաստանյան թանգարանային հավաքածուների արվեստի գործերն էին և գրել անձնական հաղորդագրություններ ինչ-որ մեկին՝ առաջարկելով թանգարան այցելությունը որպես յուրօրինակ հանդիպման գաղափար: Արվեստի գործն ինքնին դառնում է և՛ հրավեր, և՛ հանդիպման վայր: Արդյունքում, ընթացքում է և նախատեսվում է արվեստով ոգեշնչված 191 հանդիպում:
 
Հիմնադրամն առաջիկայում նախատեսում է համագործակցել Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի և Ազգային դիմանկարների պատկերասրահի հետ՝ երեք խոշոր միջազգային ցուցահանդեսների մշակման նպատակով: Նախագծերից մեկը նվիրվելու է Հովնաթանյան ընտանիքի արվեստին՝ ընդգծելով նրանց պատմական և գեղարվեստական ժառանգությունը: Երկրորդ ցուցահանդեսը կկենտրոնանա Էլզա Սկիապարելիի ու Հայաստանի կապի վրա: Ցուցահանդեսներից երրորդը նվիրված է 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից մեկի` հայազգի Իդա Քարի արվեստին: Հիմնադրամն աշխատում է նաև պատմական վայրերն արդիականացնելու, այդ տարածքներում երաժշտական և այլ փառատոններ կազմակերպելու ուղղությամբ:
 
Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նոր հայեցակարգը։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը կարևորեց համագործակցությունը Մշակույթի  զարգացման հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ փոխգործակցության արդյունքում Իսահակյանի 150-ամյակի շրջանակում հոբելյանական տարբերանշան ունեն: 
 
Միջոցառման ավարտին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները արվեստասերներին ներկայացրին Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի համանուն բեմադրությունը: