Մեկնարկել է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացը

Այսօրվանից անցկացվող «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացի նպատակն է ընդլայնել և զարգացնել թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում։
 
Ասել է թե՝ ամրապնդել թանգարան-դպրոց համագործակցությունը՝ ներկայացնելով թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ դպրոցական ուսուցման արդյունավետությունն ու ընկալելիությունը բարձրացնելու համար։ 
 
Ժամանակակից կրթական բարեփոխումների շրջանակում՝ պետական կրթական նոր չափորոշիչները շեշտադրում են անձնական, մետաառարկայական և առարկայական կարողությունների ձևավորումը։ Այս դասընթացի  նպատակն է՝ ստեղծել արդյունավետ հարթակ թանգարանների ներառման համար՝ նոր չափորոշիչների գործնական կիրառման գործընթացում։
 
Դասընթացի ընթացքում մասնակիցները  կծանոթանան թանգարանային մանկավարժության հիմունքներին, թանգարան-դպրոց համագործակցության տեսակներին, մեթոդներին, տեղական և միջազգային փորձին,  այս բնագավառում  երկու կառույցների համագործակցության  առկա խնդիրներին։  
 
Ծրագրի արդյունքում ուսուցիչների  և թանգարանային մանկավարժները համատեղ  կմշակեն  դպրոցական ուսումնական ծրագերին համապատասխան թանգարանային կրթական ծրագիր`  ԿԶՆԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան։ Դասընթացը կիրականացվի դասախոսությունների, փորձի փոխանակման և  թիմային աշխատարաններ - վարժանքների  ձևով։ Երրորդ  փուլը  նախատեսում է «Թանգարանային կրթական ծրագրերի» ուսումնական ձեռնարկ-ուղեցույցի  կազմում և տպագրություն։ Դասընթացին կմասնակցեն 36 մենթոր դպրոցի ուսուցիչներ և 14 թանգարանային մանկավարժներ։
 
Դասընթացն իրականացնում են «Թանգարանների  աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։