Գլխավոր հերոսները տավուշցի 40 արվեստասեր փոքրիկներն էին
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Այսօր տեղի ունեցավ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի հավաստագրերի հանձնման ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Հայաստանի Ազգային պատկերասրահի թանգարանային կրթության բաժնի ղեկավար Մարգարիտա Օհանյանը, ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը, հիմնադրամի և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև երեխաների ծնողներն ու ծրագրի իրականացման ողջ ընթացքում փոքրիկներին ուղեկցող ուսուցիչները:
Միջոցառման գլխավոր հերոսներն էին Տավուշի մարզի 40 արվեստասեր փոքրիկները, ովքեր ծրագրի շրջանակում այցելել էին Հայաստանի 10 մշակութային կենտրոններ՝ ներառյալ Հայաստանի Ազգային պատկերասրահ, Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, Ջոտտոյի թանգարան, ինչպես նաև տարբեր թատրոններ և այլ մշակութային կենտրոններ։
Հիշեցնենք, որ ծրագրի սկզբում և վերջում երեխաները լրացրել էին հարցաթերթիկներ, որոնց հիման վրա գնահատվել էր նրանց առաջընթացը և ուշադրությունը այցերի ընթացքում։ Հատկապես ուրախալի էր, որ Լիա Ցուցուլյանը, Միլենա Խաչատրյանը և Մանե Մելքումյանը ցուցաբերեցին գերազանց արդյունքներ՝ ստանալով առավելագույն միավորները հատուկ ձևավորված հանձնաժողովի կողմից։ Տիկին Աննա Հակոբյանն անձամբ նրանց հանձնեց իրնց մասնակցության հավաստագրերը:
Ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն ունեցան բացահայտելու մշակույթի հարուստ աշխարհը, ճանաչելու արվեստը նոր դիտանկյուններից, ձեռք բերելու բազում ընկերներ և ձևավորելու մշակութային նոր հետաքրքրություններ։ Նույնիսկ մասնակիցներից մեկը` փոքրիկ Միքայել Չոբանյանը ողջ ընթացքում իր նոթատետրում պահել էր ծրագրի բոլոր այցերի իր հիշողությունները, լուսանկարներն ու գրառումները՝ որպես կյանքի արժեքավոր փորձի ապացույց։
Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան ծրագրի շահառուներ Դիանա Թումանյանը, Մանե Առաքելյանը և Մարե Սարգսյանը, ովքեր էլ ավելի մշակութային և ջերմ դարձրեցին այսօրվա միջոցառումը։
Փոքրիկները ստացան հավաստագրեր և նվերներ «Իմ Քայլը» հիմնադրամի և Հայաստանի Ազգային պատկերասրահի կողմից, լուսանկարվեցին տիկին Աննա Հակոբյանի հետ և իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ այս անմոռանալի փորձառության ու տպավորությունների համար։
Ծրագրի նպատակն էր մշակութային կրթության հասանելիություն ապահովել Հայաստանի մարզերում ապրող երեխաների համար, ընդլայնել նրանց մտքի հորիզոնները և ոգեշնչել շարունակելու իրենց կրթական ու ստեղծագործական ուղին: «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագիրը այնքան դրական արձագանքի է արժանացել և այնքան է սիրվել մեր փոքրիկների շրջանում, որ հենց նրանց ոգևորությունն ու փայլող աչքերը մեզ ոգեշնչում են շարունակական դարձնել ծրագիրը` էլ ավելի բարելավելով և կատարելագործելով այն: Խոստանում ենք շուտով կիսվել ծրագրի իրականացման հաջորդ փուլով` արդեն նոր մարզում:





