Հուլիսին կմեկնարկի միջազգային կինոտոնը

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀՆ Է ԱԲԴԵՐԱՀՄԱՆ ՍԻՍԱԿՈՆ

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։
 
Հատկանշական է, որ առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։
 
Մավրիտանացի վարպետը համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։ 
 
Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է։ Եղել է Բեռլինի (2003) և Կաննի (2000, 2003, 2007) կինոփառատոների ժյուրիի անդամ։ Ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը։ 
 
2015 թվականին «Տիմբուկտու» ֆիլմի համար արժանացել է միանգամից երեք «Սեզար» մրցանակի՝ լավագույն ինքնատիպ սցենարի, լավագույն ռեժիսորի և լավագույն ֆիլմի համար։
 
 
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։