Բանաստեղծի ազգանվեր առաքելությունը

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ

Օրերս Վեդու մշակույթի տանը հյուրընկալվել էր բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, մշակույթի գործիչ, Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը: Հանդիպմանը ներկա էին բարձր դասարանների աշակերտներ, ուսուցիչներ, արվեստի բնագավառի գործիչներ:
 
Բացման խոսքով հյուրին ներկայացրեց Վեդու մշակույթի տան տնօրեն Տաթևիկ Եղիազարյանը: Այնուհետև ներկաները ծանոթացան Բաբկեն Սիմոնյանի ստեղծագործական կենսագրությունը: Սիմոնյանը հետաքրքիր հուշեր պատմեց իր անցած գրական ուղուց, խոսեց հայ-սերբական գրական և մշակութային կապերի, Սերբիայում անցկացրած իր տարիների, ազգանվեր առաքելության, հրատարակած հեղինակային գրքերի, ինչպես նաև ճամփորդությունների մասին: Իր խոսքում նա կարևորեց հայրենասիրության խորհուրդը, որի կարիքը այսօր զգում ենք բոլորս, աշակերտներին հորդորեց հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին, պատմությանը, գրականությանը, մշակույթին, որոնք մեր գոյության և գոյատևման առանցքային կռվաններն են: Նշեց, որ այդ թանկ մասունքները պարտավոր ենք փայփայել, պահպանել ու փոխանցել գալիք սերունդներին: 
 
Ներկաները լսեցին կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի գրած «Աղոթք առ Հայաստան» և ռուս կոմպոզիտոր Լյուդմիլա Լյադովայի գրած «Իմ հին տունը» երգերը, որոնց տեքստերի հեղինակն իրենց հյուրն էր՝ Բաբկեն Սիմոնյանը: Ամփոփելով խոսքը՝ հյուրը ներկայացրեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության իր սերբերեն թարգմանությունը, պատմեց թարգմանական «հաճելի տառապանքների» մասին, իսկ վերջում պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Այդ գեղեցիկ միջոցառումից օրեր առաջ նման հրաշալի հանդիպում էր կազմակերպվել նաև մայրաքաղաքի Վահագն Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոցում: Հանդիպման նախաձեռնողներն էին դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանը և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի ղեկավար Մարինե Ղազարյանը: Տիկին Ղազարյանը նշեց, որ Բաբկեն Սիմոնյանը հաճախ է կազմակերպում հայ-սերբական մշակութային կապերին վերաբերող ինքնատիպ  միջոցառումներ, որոնց հաճախ մասնակցում են նաև Սերբիայի քաղաքացիներ: Ներկայացնելով հյուրին՝ խոսեց նրա ազգաշահ գործունեության մասին:
 
«Դասը վարում է գրողը»: Այս ձևաչափով շուրջ երկու դասաժամ տևած հանդիպումը համեմված էր Բաբկեն Սիմոնյանի անցած ստեղծագործական ուղու հետաքրքիր դրվագներով, հուշերով, անվանի մտավորականների հետ հանդիպումներով ու շփումներով: Հյուրը պատմեց Հայաստան-Սերբիա մշակութային կապերի մասին, որոնք իր գործունեության անբաժան մասն են: 
 
Երկու դասաժամ տևած հանդիպումը հագեցած էր սիրով ու հայրենասիրությամբ: Բաբկեն Սիմոնյանը նաև պատասխանեց աշակերտների հարցերին, հորդորեց շատ կարդալ, հաղորդակից լինել անցյալի մշակութային ժառանգությանը և օտարության մեջ չտեսնել իրենց ապագան, այլ նվիրվել հայրենշինության սրբազան գործին: Միջոցառման ավարտին Բաբկեն Սիմոնյանը դպրոցին նվիրեց իր «Խաչքար» և «Ես գիտեմ՝ ով եմ» բանաստեղծական ժողովածուները:
 
Այսքանով չի ավարտվում Բաբկեն Սիմոնյանի գրական-մշակութային առաքելությունը: 2025 թվականը նրա համար հոբելյանական է: Լրանում է բանաստեղծի գրական գործունեության հիսուն տարին:
 
Ուղիղ կես դար, որն իր մեջ ամփոփել է նրա անցած ստեղծագործական ուղու ամենաթանկ նշխարները՝ բանաստեղծությունները, էսսեները, ակնարկները, թարգմանությունները, հրատարակած գրքերը, ռադիոհեռուստահաղորդումները, գրքերի շնորհանդեսները, գրական երեկոները, դասախոսությունները Երևանում, Բելգրադում, Նովի Սադում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, Թեհրանում, Բեյրութում:
Հիսուն տարիների հեռուներից Բաբկեն Սիմոնյանը հաճախ մտաբերում է անցած ստեղծագործական ուղու աստեղային պահերը, որոնք նրան այսօր էլ ուղեկցում են՝ Կանթեղի լույսով օծելով նրա տպագիր ու անտիպ գզրոցները: