«Այս համերգը բացառիկ է իր բնույթով»

«ԱՐՑԱԽ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աննախադեպ համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Արցախ» կամերային նվագախումբը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր` Նարեկ Հախնազարյան, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։ 
 
Ծրագրում Բարտոկի Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյանի Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), Միրզոյանի Շուշանիկ, Շոստակովիչի Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործություններն են։ 
 
Ինչպես նշել է Նարեկ Հախնազարյանը՝
 
- «Արցախ» կամերային նվագախմբի այս համերգը բացառիկ է իր բնույթով։ Ուրախ ենք, որ երեկոյի ընթացքում մեզ հետ ելույթ է ունենալու իմ շատ սիրելի ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Մենք միասին փոխանցելու ենք այն ապրումները, որոնք մեզ միավորում են՝ որպես հայ, որպես արվեստագետ և որպես մարդանց, որոնք հավատում են, որ մշակույթն ունի բուժելու, միավորելու ու ոգեշնչելու ուժ։
 
Այս համերգը երկու աշխարհահռչակ արտիստների առաջին համագործակցության փորձը չէ․ Նարեկն ու Սերգեյը բազմիցս միասին հանդես են եկել ելույթներով թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում՝ ներկայացնելով ու տարածելով հայ կատարողական դպրոցի վարպետությունն ու հայկական մշակույթը։ Սակայն սա արտիստների առաջին համագործակցությունն է դիրիժոր-մենակատար ձևաչափով։