Մշակույթի, կրթության և համագործակցության նոր տարածք
ՏԱՇԻՐՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ապրիլի 29-ին Տաշիր քաղաքի Դեմիրճյան 6 հասցեում գտնվող մշակույթի տան շենքում, տեղի կունենա Ռուսական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Կենտրոնը «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում բացվող 12-րդ կառույցն է։
Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տաշիրի քաղաքապետարանի ղեկավար Էդգար Արշակյանը, «Մեր ապագան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Ռուսական ևս մեկ կենտրոնի բացումը կարևոր փուլ է Հայաստանի և Ռուսաստանի միջև հումանիտար համագործակցության զարգացման գործում։ Նոր կենտրոնը նախատեսում է դառնալ մշակույթների հանդիպման վայր, հարթակ ռուսաց լեզվի ուսումնասիրության, ռուսական գրականության, պատմության և արվեստի հետ ծանոթանալու համար։ Սա մի տարածք է, որտեղ ծնվելու են նոր գաղափարներ, կրթական ու ստեղծագործական նախագծեր՝ միավորելով սերունդներն ու ազգերը։
Բացման շրջանակներում Տաշիրի ռուսական կենտրոնում կներկայացվի երեխաների համար լրացուցիչ կրթական նոր դասընթաց՝ «Ֆինանսական գրագիտություն» խորագրով: Կներկայացվեն «Ֆինանսների այբբենարանը» կրթական սարքավորումներ՝ ներառյալ ինտերակտիվ մոդուլներ և խաղային մանկական բանկոմատ: Սա առաջին նման սարքավորումն է Հայաստանում, որը նախատեսված է երեխաներին ներկայացնելու հիմնական ֆինանսական հասկացությունները, փողի հետ աշխատելու հմտությունները և տնտեսագիտության տարրերը:
- Մենք կարծում ենք, որ մշակութային և կրթական նախաձեռնությունները ներդրում են մեր ապագայում: Տաշիրում ռուսական կենտրոնի բացումը ոչ միայն պայմաններ է ստեղծում լեզու և մշակույթ ուսումնասիրելու համար, այլև ամուր հիմք է ստեղծում բարեկամության, փոխըմբռնման և զարգացման համար: Ուրախ ենք տեսնել, թե ինչպես է առաջին կենտրոնի հետ սկիզբ առած գաղափարը արձագանք գտնում ողջ Հայաստանի մարդկանց սրտերում: Այս փաստը մեզ ոգեշնչում է առաջ գնալ,- նշում է «Մեր ապագան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Տաշիրում ռուսական կենտրոնի բացումը ոչ միայն հիշարժան իրադարձություն կլինի, այլև կարևոր ներդրում՝ մշակութային կապերի ամրապնդման և գիտելիքի, երկխոսության և համագործակցության համար բաց նոր սերնդի ձևավորման գործում։