«Կրթվելը նորաձև է» շարժումը Ապարանում՝ Քաղաքացու օրվա տոնակատարությանը
Ապարանի մշակույթի տանը երեկ կայացավ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը:
Ի դեպ, հանդիպման մասնակիցների մեծամասնությունը Ապարանի կրթական տարբեր կենտրոնների և ուսումնական հաստատությունների երիտասարդներ էին:
Միջոցառումն անցկացվեց արդեն սիրված ձևաչափով. բացման խոսքով հանդես եկավ տիկին Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ Շարժման մասնակիցների թիվն արդեն գերազանցել է 3000-ը, և այսօր առավել քան երբևէ կարևոր է ձևավորել կրթվելու և ինքնազարգացման նոր մշակույթ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան» բանախոսությունների ընթացքում կարևորեց գիտելիքի գործնական կիրառման անհրաժեշտությունը և հիշեցրեց, որ արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է քաղաքացուն։ Նա նաև խոսեց հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի, քաղաքացիական ակտիվության և պետության հանդեպ պարտավորվածության մասին:
Հանդիպման գեղարվեստական հատվածում հանդես եկան «ՔԱՄԱՆՉԱ» ժողովրդական նվագարանների համույթը, ինչպես նաև Ապարանի մշակույթի կենտրոնի ժողովրդական պարերի և էստրադային վոկալ համույթները՝ ստեղծելով տոնական և ոգեշնչող մթնոլորտ:
Հանդիպման թերևս ամենաակտիվ մասը հարցուպատասխանի բաժինն էր, որտեղ Ապարանի երիտասարդությունը հետաքրքրվեց կրթության, «Իրական Հայաստան» գաղափարի, երկրի անվտանգության, բանակում իրականացվող բարեփոխումների և Հայաստանի ապագային վերաբերող այլ հարցերով:
«Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է իր ճանապարհը՝ կրթության հանդեպ սեր և պատասխանատվություն սերմանելով Հայաստանի համայնքներում՝ հավատալով, որ այսօր ներդրված ջանքերն ապագայում կբերեն գիտակից, ուժեղ և պատասխանատու քաղաքացիական հասարակության կայացմանը։