«Մշակութային ճամփորդություն Հայաստանում»
Ինչպես տեղեկացրել են «Իմ քայլը» հիմնադրամից՝ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի այս փուլի շահառուները՝ տավուշցի 40 փոքրիկները, Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում մասնակցեցին Միջազգային Գիտամշակութային Կենտրոնի կազմակերպած չինական մշակույթի հետ ծանոթացման միջոցառմանը։ Կենտրոնը նպատակ ունի խթանել չինարենի միջազգային կրթությունը և սատարել մշակութային երկխոսությանը։
Հայաստանն ու Չինաստանը բարեկամ ժողովուրդներ են, և «Իմ քայլը» հիմնադրամը մեծ գոհունակությամբ է արձանագրում, որ ևս մեկ հնարավորություն է ստեղծվել մեր ծրագրի շահառու փոքրիկներին ծանոթացնելու Չինաստանի մշակութային հսկայական ժառանգությանը:
Երեխաները մեծ ոգևորությամբ էին բացահայտում Չինաստանը՝ որպես հնագույն քաղաքակրթություն, հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկիր։ Իրենց այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու չինական արվեստին, երաժշտությանը, պարերին, լեզվին, ինչպես նաև շաքարով գեղանկարչության և չինական գեղագրության նրբություններին։ Միջոցառումն ուղեկցվում էր ինտերակտիվ խաղերով և ստեղծագործական վարժություններով, որոնք նույնիսկ ամենաամաչկոտ երեխաներին ներգրավեցին և անմոռանալի հիշողություններ պարգևեցին։
Հիշեցնենք, որ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեխաները, ըստ նախապես մշակված հատուկ կրթական ծրագրի, այցելում են Հայաստանի տարբեր մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու արվեստին, բալետին, օպերային, թանգարաններին և այլ մշակութային կենտրոններին:
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումները
Ապրիլի 5-ը բազմաբովանդակ է եղել «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասնակիցների համար։
Նախաձեռնության շրջանակում Մատենադարանում անցկացվեց «Հաղորդակցության հմտություններ» խորագրով հերթական վերապատրաստման դասընթացը։ Դասընթացը վարում էր տնտեսագետ, պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը։
Այս անգամ ներկա էր 108 մասնակից, որոնց զգալի մասը նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» հանդիպումներին: Մասնակիցների շարքում էին նաև մարդիկ, ովքեր պարզապես դիմել էին հիմնադրամին և ցանկություն հայտնել մասնակցելու դասընթացին՝ դառնալով կրթության շուրջ ձևավորվող նոր հասարակական մթնոլորտի ակտիվ դերակատարներ։
Մասնակիցները տպավորված էին դասընթացի ինտերակտիվ բնույթից, և ակտիվորեն մասնակցում էին, հայտնում իրենց կարծիքները, կիսում տարբեր մտքեր:
Միաժամանակ, Արմավիրի մշակույթի տանը կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որի ընթացքում թվով 350 կրթարշավի գաղափարակիցներ բացառիկ հնարավորություն ունեին մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի՝ կրթվելու կարևորությանն ու դրա կախադրական ուժի մասին պատմող ոգեշնչող բանախոսություններին:
Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց և իր բանախոսությամբ հանդես եկավ տիկին Աննա Հակոբյանը։ Նա ներկայացրեց շարժման տեսլականը, գաղափարական հիմքերը և այն հասարակական լայն շարժումը, որն արդեն ձևավորվում է երկրի տարբեր համայնքներում։
Շարունակելով թեման՝ պարոն Փաշինյանն իր «Իմանալ՝ ինչպես» բանախոսության մեջ նշեց, որ այսշարժումը ոչ միայն կրթվելու ու ինքնազարգացման կոչ է, այլև ընդհանուր սոցիալ հոգեբանություն փոխելու ու առաջընթաց կառուցելու կարևորագույն գործիք: Օգտվելով հայրենակիցների հետ անմիջական շփման այս հնարավորությունից` նա նաև անդրադարձավ իրական Հայաստանի գաղափարախոսությանը` ընդգծելով յուրաքանչյուրի պարտավորությունն ու կարևորությունը երկրի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ փոքրիկ մշակութային ընդմիջում՝ Արմավիրի արվեստի դպրոցի երգչախմբի և «Ռոզի» պարային համույթի կատարումներով:
Հանդիպման երկրորդ հատվածը, ինչպես միշտ, հարցուպատասխանինն էր , որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին հարցեր՝ կապված շարժման տարածման գործիքների, դրա խոչընդոտների մասին: Շատերը, ոգևորված բանախոսություններից, հայտնում էին պատրաստակաումություն շարժումն իրենց համայնքներ տանելու և տարածելու մասով: Եղավ նաև առաջարկ վարչապետի ելույթների հիման վրա նյութ պատրաստել և տարածել աշակերտական խորհուրդներում, ավագ դասարաններում և առհասարակ երիտասարդության շրջանում։