Գերմանիայի առաջին տիկինը ծանոթացել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը

Գերմանիայի առաջին տիկին և Գերմանիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավոր Էլկե Բյուդենբենդերը այս շաբաթ Երևանում այցելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից աջակցություն ստացող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր կառույց «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ։
 
Կենտրոնում Բյուդենբենդերը հանդիպել է Միասնական սոցիալական ծառայության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի անդամ սոցիալական աշխատողների հետ, որոնք կենսական աջակցություն են տրամադրում երեխաներին և նրանց ընտանիքներին, ներառյալ սոցիալ-հոգեբանական աջակցություն։
 
- Ես խորապես հարգում եմ սոցիալական աշխատողներին։ Նրանք կանգնած են խոցելի իրավիճակում գտնվող ընտանիքներին աջակցելու առաջնագծում,- այցի ավարտին նշել է տկն Բյուդենբենդերը։-Երեխաներին և նրանց ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելը երկարաժամկետ վերականգնման գրավականն է, այդ իսկ պատճառով Գերմանիան հպարտ է սատարելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների կարիքներին համապատասխանող աջակցություն տրամադրելու համար։
 
2024 թվականի սեպտեմբերին Երևանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարեց Գերմանիայի Դաշնային Արտաքին գործերի նախարարության կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ին 2,9 միլիոն եվրոյի չափով նոր ներդրման մասին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2023 թվականի մարդասիրական արձագանքման գործողությունների կոչի շրջանակներում։
 
Գերմանիայի ներդրման շնորհիվ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատել է Միասնական սոցիալական ծառայութան և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ՝ աջակցելու ավելի քան 25,000 շահառուների դեպքի վարման, հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների միջոցով, ինչպես նաև նորարարական էլեկտրոնային քարտերի ձևաչափով դրամական աջակցությամբ:
 
Տկն Բյուդենբենդերը ծանոթացել է նաև Հայաստանում գործող առաջին «Ապահով անկյանը», որը գործում է Բարնահուս մոդելի հիման վրա և հիմնադրվել է 2023 թվականին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Երեխաների պաշտպանության կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Բարնահուս մոդելը միջոլորտային մոտեցում է, որը նպաստում է երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ գործերով արդարադատության գործընթացին՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով երեխայի շփումը արդարադատության համակարգի հետ: Երեխաները ստանում են կարիքների վրա հիմնված անհապաղ աջակցություն, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ ամենը մեկ վայրում, ինչպես նաև գնահատում և ուղղորդում դեպի այլ անհրաժեշտ ծառայություններ երկարաժամկետ վերականգնման համար։
 
Վերջին երկու տասնամյակների ընթացքում կառավարության գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ՝ ի նպաստ Հայաստանում սոցիալական պաշտպանության և երեխայի պաշտպանության գծով քաղաքականությունների և ծառայությունների ամրապնդման և սոցիալական աշխատողների մասնագիտական զարգացման։