Վերացականության ակունքներում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈւՄ է․ ՎԱՀՐԱՄ ԳԱՅՖԵՃՅԱՆ - 145
Վահրամ Գայֆեճյանը (1879–1960) XX դարի հայ կերպարվեստի և գեղարվեստական կրթության հիմնադիրներից է: Նա հայկական իմպրեսիոնիզմի խոշոր ներկայացուցիչներից և առաջին հայ մոդեռնիստներից մեկն է, որի արվեստը ձևավորվել է XX դարասկզբին ռուսական ավանգարդի միջավայրում՝ կազմելով նրա մասը։ Վ․ Գայֆեճյանը նաև արդյունաբերական և քաղաքային ժանրերի առաջատար վարպետներից է հայ կերպարվեստում։
![](/files/uploads/2024/12/714-7bc847aca9d27d7eeb4a5a5a15283263.png)
«Դեկորատիվ մոտիվներ» և «Գունային կոմպոզիցիաներ» շարքերը Գայֆեճյանն առաջին անգամ ցուցադրել է 1919 թ․ Հայ արվեստագետների միության երկրորդ ցուցահանդեսին Թիֆլիսում, երբ դրանք անմիջապես գրավել են ժամանակի առաջադեմ արվեստի հանրության ուշադրությունը և հիշատակվել մամուլում։ 1961 և 1972 թվականներին շարքերը ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում և Պետական (այժմ Ազգային) պատկերասրահում նկարչի հետմահու ցուցահանդեսներում։ 1972 թ․ ցուցահանդեսի պատկերագրքի ներածական տեքստը հեղինակել է Երվանդ Քոչարը, որն անչափ բարձր էր գնահատում Վ․ Գայֆեճյանի արվեստը։ Այդ ցուցահանդեսները, նկարչի ողջ գեղարվեստական ժառանգությամբ հանդերձ, մեծապես ազդել և նպաստել են XX դարի երկրորդ կեսի ազգային մոդեռնիզմի կայացմանը, որի վավերագիր վկայությունները բազմաթիվ են։
Վ․ Գայֆեճյանը հայ կերպարվեստին ազնվական փայլ հաղորդեց և այն բարձրացրեց համաեվրոպական արդի արվեստի մակարդակին։
Վաղը՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Վահրամ Գայֆեճյան-145. Վերացականության ակունքներում» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի համադրողներ՝ Լիլիթ Սարգսյան, Մարգարիտա Խաչատրյան: