Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանն այսօր կդառնար 28 տարեկան

Այսօր՝ նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի ծննդյան կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանն այսօր կդառնար 28 տարեկան:
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև դատական ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
 
Գևորգ Արշակյանը գերազանցությամբ ավարտել է դպրոցն ու ԵՊՀ երկու ֆակուլտետ: Չնայած իրեն հասանելի տարկետմանը, որոշել է ծառայել բանակում և ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որը ևս գերազանցությամբ ավարտելուց հետո մեկնել է ժամկետային ծառայության՝ լեյտենանտի զինվորական կոչմամբ:
 
2020 թվականին ավարտել է զինվորական ծառայությունը և ստացել ավագ լեյտենանտի կոչում: Երկու ամիս անց, լսելով պատերազմի լուրը, Գևորգը ԵՊՀ կամավորական ջոկատ է կազմել և մեկնել առաջնագիծ: Զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում մղվող մարտերի ժամանակ: «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»,- ասում էր Գևորգ Արշակյանը:
 
Միջոցառումը կազմակերպվել է Գևորգ Արշակյանի անունը կրող թիվ 22 հիմնական դպրոցում` աշակերտների նախաձեռնությամբ:
 
Միջոցառման ավարտին իր երախտիքի խոսքն է հյուրերին ուղղել Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, շեշտել` վստահ է, որ մեր երկրում ամեն ինչ լավ է լինելու, և բոլորս ապրելու ենք Գևորգի երազած հայրենիքում: