Անվարորդ տրամվայն ավելի քան 1800 կմ երթևեկել է Մոսկվայի փողոցներով
Ռուսաստանում առաջին անվարորդ տրամվայն արդեն ավելի քան 1800 կմ երթևեկել է մայրաքաղաք Մոսկվայի փողոցներով՝ չխախտելով երթևեկության որևէ կանոն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է «Ինտերֆաքս» գործակալությունից՝ այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի տրանսպորտի հարցերով տեղակալ Մաքսիմ Լիկսուտովը։
- Շահագործման ողջ ժամանակաշրջանում անվարորդ տրամվայն արդեն ավելի քան 1800 կմ է անցել, ճանապարհային երթևեկության կանոնների ոչ մի խախտում չի եղել, - Լիկսուտովն ասել է Առաջին ալիքի եթերում:
Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ մինչև 2030 թվականը կա ծրագիր, որի համաձայն Մոսկվայում տրամվայի բոլոր երթուղիների կեսից ավելին կդառնան անվարորդ։
- Մենք մտածում ենք, որ 5-10 տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում հարկավոր կլինի կարգավորել քաղաքային տրանսպորտի բոլոր համակարգերը` առաջին հերթին անվարորդ ռեժիմով աշխատելու համար,- նշել է Լիկսուտովը։
Օգոստոսի 30-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ Մոսկվայում հաջողությամբ ավարտվել է Ռուսաստանում առաջին անվարորդ տրամվայի փորձարկումների առաջին փուլը, սկսվում է երկրորդ փուլը, որի շրջանակներում տրամվայը կերթևեկի ուղևորներով։ Այժմ անվարորդ տրամվայը երթուղով ընթանում է ինչպես ուղևորներով, այնպես էլ առանց նրանց։
Անվտանգության նկատառումներով՝ վարորդը գտնվում է խցիկում։
- Մենք պլանավորում ենք եզրափակիչ երրորդ փուլն սկսել մինչև հաջորդ տարվա վերջը,- պարզաբանել է Մոսկվայի քաղաքապետը։