Հայկական ստարտափի «խելացի» ակնոցները կօգնեն կույրերին անցնել փողոցն ու ավտոբուս նստել

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Sputnik Արմենիա

Ակնոցները համալրված կլինեն լիդարով օժտված (լուսային ռադար) մինի համակարգչով, որը կորոշի շրջակա օբյեկտների հեռավորությունը և ձայնային հուշումներ կփոխանցի օգտատիրոջը։ Նախատեսվում է նաև GPS քարտեզներով և Երևանի քաղաքային տրանսպորտի համակարգով սարք ինտեգրել։
 
Հայկական «See Free» ստարտափը խելացի ակնոցներ է ստեղծում, որոնք կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կօգնեն անվտանգ տեղաշարժվել քաղաքի փողոցներով։
 
Ավելի կոնկրետ` դրանք ոչ թե ակնոցներ են, այլ ակնոցի տեսքով մինի համակարգիչներ, որոնցում տեղադրված է պրոցեսոր և ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ աշխատող լիդար (լուսային ռադար): Լիդարը ֆիքսում է խոչընդոտները՝ պատեր, սյուներ, ծառեր, իսկ պրոցեսորն այդ տեղեկությունն փոխակերպում է ձայնային հուշումների («50 մետրից պատ է, երկու մետրից` սյուն» և այլն):
 
Կարելի է պատկերացնել, թե այդ սարքը որքան ծանրաբեռնված կաշխատի երևանյան փողոցներում, քանի որ անգամ լավ տեսողություն ունեցողը պետք է առանձնակի հմտություններ գործադրի մայրաքաղաքում տեղաշարժվելու համար` մի տեղ խանութի աստիճաններն են հասել մայթին, մեկ այլ տեղ գեղեցկության սրահն է «գետնի» տակ անցել` նկուղային հարկ տանող աստիճաններով փակելով մայթի կեսը...
 
Իհարկե, որքան լիդարը հզոր է, այնքան բարձր է նրա «շոշափելիության» հաճախականությունը, իսկ պրոցեսորի հզորությունը թույլ է տալիս ավելի արագ մշակել տվյալները։
 
- Սակայն որակը պետք է համապատասխանեցնել գնին. չէ՞ որ կույրերը, որպես կանոն, ամենաապահովված մարդիկ չեն,- ասում է նախագծի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը։
 
Կարևոր է նաև ճիշտ մշակել քաշը, չափն ու արտաքին տեսքը, որպեսզի ակնոցը լինի հարմար և ավելորդ ուշադրություն չգրավի։
 
Խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ ակնոցում պետք է մարտկոց տեղադրել սարքի աշխատանքը գոնե մի քանի ժամ, իսկ լավագույն դեպքում`ամբողջ օրն ապահովելու համար և միաժամանակ այնպես անել, որ ակնոցը թեթև մնա։ Լիցքավորումը նախատեսում են անլար անել, որպեսզի սարքից օգտվողները ստիպված չլինեն շոշափելով վարդակ փնտրել։ Միևնույն ժամանակ մշակողներին հաջողվել է նվազագույնի հասցնել սարքի ճառագայթումը, ինչը հատկապես կարևոր է`հաշվի առնելով, որ այն մոտ է աչքերին, հետևաբար`նաև ուղեղին։
 
- Մենք խորհրդակցել ենք բժիշկների հետ, և նրանք հաստատել են, որ ճառագայթման մակարդակը համադրելի է սովորական անլար ականջակալների հետ,- նշում է ստարտափի համահիմնադիր Արմեն Ստեփանյանը։
 
Սարքում նախատեսում են ներդնել «Google»-ի, «Yandex»-ի և այլ ծառայությունների քարտեզները, որպեսզի այն կարողանա տեղորոշել հետիոտնային անցումները, ճանաչել ճանապարհային նշաններն ու նույնիսկ օգնել օգտվել հասարակական տրանսպորտից` հայտնելով, օրինակ, ավտոբուսի գալու ժամը։ Երևանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, նոր ավտոբուսներն արդեն համալրում է GPS–մոդուլներով, ինչի շնորհիվ դրանք երևում են «Yandex» քարտեզների վրա։ Դա հնարավոր է դարձել, քանի որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգն իր API-ը (միացումը իր ծրագրային կառավարմանը) փոխանցել է «Yandex»-ին։
 
Հայկական ընկերությունը Երևանի լուսացույցների «խելացի» համակարգի դեմո-տարբերակ է պատրաստում
 
- Եթե մեզ էլ փոխանցեն այդ API-ը, այդ տեղեկությունը կստանան նաև մեր օգտատերերը։ Մենք պատրաստ ենք մեր նախագիծը ներկայացնել քաղաքային իշխանություններին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին,- հավելեց Գրիգորյանը։
 
Սարքը ստեղծողները տվյալների մշակումն արագացնելու համար մտադիր են սերվերի կամ անմիջապես սարքի վրա պահպանել այն վայրերի մասին տեղեկությունները, ուր օգտատերը հաճախ է այցելում։ Դա թույլ կտա ավելի արագ դրանք բեռնել, ինչպես «Google»-ը և «YouTube»-ն են հաճախ կրկնվող որոնումներն ավելի արագ մշակում, քան նորերը։
 
- Հասկանալով, որ խոսքը վերաբերում է բավական զգայուն անձնական տվյալներին` մենք պետք է առավելագույնս ուշադիր լինենք անվտանգության հարցում և դրա համար կուսումնասիրենք պաշտպանության հնարավոր բոլոր եղանակները,- նշեց Արմեն Ստեփանյանը։
 
Արդեն հինգ տարի է՝ տղաները փորձում են կյանքի կոչել գաղափարը։ Ծրագրավորմամբ հիմնականում զբաղվում է հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի ուսանող Արմենը։ Բայց աստվածաբանական ֆակուլտետում սովորող Դավիթն էլ այս տարիների ընթացքում յուրացրել է ծրագրավորման և դիզայնի հիմունքները, որպեսզի կարողանան օգնել ընկերոջը։
 
- Արդեն զրուցել ենք սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց աջակցող մի քանի արտասահմանյան ասոցիացիաների հետ։ Նախագիծը նրանց շատ է դուր եկել, և նրանք ասել են, որ պատրաստ են հովանավոր փնտրել, որպեսզի մեզնից ակնոցներ գնեն ու փոխանցեն դրա կարիքն ունեցողներին։ Առավել ևս որ շուկայում առկա նմանատիպ սարքերը դեռ զգալիորեն ավելի թանկ են,- ասում է Դավիթը։
 
«See Free»-ն արդեն որոշակի միջոցներ է ներգրավել, բայց դա շատ փոքր գումար է։ Վերջերս նախագիծը հաղթել է դրամաշնորհային մի մրցույթում, որը կազմակերպել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Նախագծով հետաքրքրվել են նաև կոմերցիոն ներդրողները, սակայն ներդրումները դեռ շատ փոքր են։
 
- Մենք հետագա ֆինանսավորում ենք փնտրում, քանի որ դրանից է կախված, թե որքան շուտ կկարողանանք ավարտել նախատիպի մշակումը։ Նախատեսում ենք սերիական արտադրություն հիմնել այստեղ` Հայաստանում,- նշում են ստարտափի հիմնադիրները։
 
«See Free» նախագիծը ներկայացվել էր վերջերս Երևանում կայացած «DigiTech» ամենամյա ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։