Ի հիշատակ անվանի դիրիժորի

ԿԿԱՅԱՆԱ ԱՐԱՄ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆԱՏԱԽՏԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ղարաբեկյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 7-ին հայ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը կփակցվի Սպենդիարյան 5 հասցեում՝ իր տան շքամուտքի մոտ:
 
Արդեն 10 տարի է, որ մաեստրոն մեզ հետ չէ:  
 
Իր կյանքի 58 տարիների ընթացքում նա հասցրեց ապրել և արարել աշխարհի տարբեր կողմերում, սակայն իր տունը միշտ համարում էր Երևանը, իսկ ամենանվիրական աշխատանքը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարումը:
 
Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. Թեհրանում:  Դիրիժորական գործունեությունը սկսվել է 1983 թվականից, երբ հիմնադրել և ղեկավարել է Բոստոնի «Սինֆո Նովա» կամերային նվագախումբը: Նրա ղեկավարությամբ՝ 1983-1991թթ., նվագախումբը համերգային լայն գործունեություն է ծավալել, ելույթներ ունեցել ամերիկյան հայտնի համերգասրահներում: Ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի թատրոնը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել բազմաթիվ, այդ թվում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Մյունխենի «Սինֆոնիետա», Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ռադիոյի և հեռուստատեսության, Զագրեբի, Լվովի Շրևեպորտի, Զեջիանգի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և նախկին Խորհրդային Միության երկրներում:
 
Իր եռանդուն ու բազմակողմանի երաժշտակատարողական գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների՝ ԱՄՆ-ի կոնգրեսի Հատուկ հռչակագիր, Լյուսիեն Վուլսնի անվան մրցանակ (1988), Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների միության (ASCAP) մրցանակ (1989), Հարվարդի երաժշտական ընկերության «Լավագույն կատարման մրցանակ»:
 
1997թ. ՀՀ մշակույթի նախարարության հրավերով ստանձնելով վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ Ղարաբեկյանը կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդեց խմբի գործունեությանը: Ղարաբեկյան-գլխավոր դիրիժորի ջանքերի շնորհիվ կամերային նվագախումբը դարձավ հանրապետության առաջատար երաժշտախմբերից մեկը՝ ծավալելով, հիրավի, աննախադեպ եռանդուն համերգային գործունեություն. բազում ելույթներ ու հյուրախաղեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մշտապես նորացվող նվագացանկ՝ դասական կամերային երկերից մինչև 20-րդ դար, արգենտինյան տանգոյից մինչև հայ ավանդական գործիքներով հնչող գործեր, բազմաթիվ ձայնագրություններ ու նկարահանումներ...
 
Դասական երաժշտության համերգներին զուգահեռ՝ Ղարաբեկյանն իր հետ բերեց ելույթների նոր ձևաչափ՝ բացօթյա համերգներ Երևանում և հեռավոր մարզերում, երաժշտական տարբեր նախագծեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ:
 
Արդի երաժշտության զարգացման ու խթանման նպատակով Արամ Ղարաբեկյանն ու  ՀՊԿՆ-ն պատվիրել ու կատարել  են ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 40 նոր գործ, այդ թվում նաև՝  նվագախմբի համար գրված ստեղծագործություններ հայ ավանդական նվագարանների ներգրավումով՝ դուդուկ,  զուռնա, շվի, քամանչա: Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակել է իր երաժշտակատարողական գործունեությունը ամերիկյան մայրցամաքում:
 
Դիրիժորը հանկարծամահ է եղել 2014թ. հունվարի 10-ին՝ իր կյանքի 59-րդ տարում։