«ՄՈՒՆՔ»․ Արցախից՝ Տաշիր
Ուսումնական տարվա մեկնարկը տրվել է նաև «Մունք» տեխնոդպրոցում։ Ընթացող դասապրոցեսին զուգահեռ նոր ընդունելություն է Տաշիր, Վանաձոր և Կապան քաղաքներում։
Մեկ տարի Տաշիրում
Արցախյան «Մունք»-ը արդեն 1 տարի գործում է ՀՀ-ում՝ ժամանակակից
տեխնոլոգիական կրթությամբ զինելով հեռավոր մարզերի երիտասարդներին։
2023 թվականի բռնատեղահանությունից հետո «Մունք»-ը, շնորհիվ իր հավատարիմ բարեկամների, հաստատվեց ՀՀ Տաշիր քաղաքում։ «Մունք»-ի աջակիցները՝ մի շարք նախագծեր, ընկերություններ և անհատներ, օգնեցին, որպեսզի անձնակազմը չվհատվի և շարունակի իր առաքելությունը։
Արցախում հիմնադրված ոչ ֆորմալ կրթություն տրամադրող հաստատությունը գոյության մոտ մեկուկես տարվա ընթացքում նվիրատուների շնորհիվ գործում էր Արցախի 6 համայնքներում՝ գիտելիք տալով և նոր հմտություններով զինելով ավելի քան 250 աշակերտի՝ դնելով «Մունք»-ի ռազմավարական նպատակի իրագործման հիմքը․ իրենց բնակավայրերում ստացած նոր որակի կրթության շնորհիվ երիտասարդներին հնարավորություն տալ զարգացնել և ուժեղացնել հեռավոր համայնքները։
Արցախի հայաթափումը փոխեց «Մունք»-ի տեղակայման վայրը, բայց ոչ նպատակն ու գաղափարը։
Տեխնոդպրոցի անձնակազմին հաջողվեց փրկել և Տաշիր տեղափոխել դպրոցի տեխնիկական բազայի մի մասը։ Պակասը լրացվեց և լրացվում է ընկերների, հավատարիմ աջակիցների, արցախցի տեխնոառաքյալների կամքին ու նպատակամետությանը հավատացող նոր բարեկամների շնորհիվ․ «Մունք»-ը 2023 թվականի հոկտեմբերին օրերի ընթացքում վերսկսեց իր գործունեությունը՝ ծրագրում ընդգրկելով Լոռու մարզի 7, իսկ վերջերս՝ նաև Սյունիքի մարզի 3 համայնք։
Գործունեության վերսկսման տարին «Մունք»-ը նշում է հոկտեմբերի 4-6-ը նախատեսված ՀՀ ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդես-միջոցառմանը՝ ԴիջիԹեքին, մասնակցելով առանձին տաղավարով։
ԴիջիԹեքը մեկ հարկի տակ է հավաքում 30,000-ից ավելի այցելուների, 200-ից ավելի մասնակից ընկերությունների, 100-ից ավելի ներդրողների, խոսնակների։
«Մունք» տեխնոդպրոցի տաղավարն այս ցուցահանդեսին ներկայացնելու է նաև իր ուսանողների նախագծերը, որոնք միայն ՏՏ ոլորտից չեն։