«Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ»

Հուլիսի 2-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգը։
 
Երգիչ, երգահան Վահան Արծրունին «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագծի հեղինակն է։ Ծրագրի մտահղացումն առաջացել է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին ընդառաջ։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգաշարերի միջոցով ներկայացնելու կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները և նրա բանաստեղծությունը' համազոր կերպով։
 
Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև նրա ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։ Կոմիտասի քնարերգությունը ներկայացվում է Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարով։
 
Միջոցառմանը ելույթ կունենան երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, բազմաթիվ հեղինակավոր փառատոների մասնակից Աննա Մայիլյանը, Էվանսոն քաղաքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան Խոջա-Էյնաթեանը և նրա հիմնադրած «Նարեկյան զանգակներ» համույթը, ինչպես նաև KVART անսամբլը՝ ընդլայնված կազմով (գեղարվեստական ղեկավար' Նարեկ Ավագյան):
 
Համերգային պաստառի հիմքում' Վալենտին Պոդպոմոգովի «Կոմիտաս» գեղանկարն է։ Այս տարի նշվում է Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակը։ Նկարը համերգի ընթացքում  զետեղված կլինի համերգասրահում։