Անմոռաց մի օր՝ սիրելի հեքիաթագրի հետ

Օրերս Դորտմունդի «Մենք» երիտասարդական միության հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց։ Այս անգամ հայկական կազմակերպությունը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, ով քաղաքի հայությանը ներկայացրեց իր վերջին հրատարակությունները՝ «Արտավազդ արքայի հեքիաթը» և «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» ստեղծագործությունները։
 
Շնորհանդեսը մի հիանալի հնարավորություն է՝ գերմանահայությանը ծանոթացնելու մեր կողքին ապրող ու ստեղծագործող, ժամանակակից հայ գրողի ստեղծագործություններին, որոնք բավականին մեծ արձագանք են գտել հայ ընթերցողի շրջանում, հանրության ու հատկապես մատաղ սերնդի հոգում սեր արթնացրել դեպի ընթերցանությունը և այդպիսով նպաստել հայապահպանության ու հայ ինքնության պահպանման ազգանպաստ գործին։ 
 
Այս հնարավորությունը հավուր պատշաճի օգտագործեց և լավագույնս վայելեց Դորտմունդի հայությունը, միջոցառմանը ներկա ավագ ու կրտսեր հանդիսատեսները։ Բոլորը ոչ միայն մեծագույն հետաքրքրությամբ ու բավականությամբ էին ունկնդրում հեղինակին, այլև անմիջական մասնակցություն էին ունենում ողջ շնորհանդեսի ընթացքին։ Արփի Մաղաքյանի ներկայացումն այնքան տպավորիչ էր, որ հանդիսատեսի համար հնարավորություն ստեղծվեց գրեթե անմիջականորեն հանդիպել գրքի գլխավոր կերպարներին և ավելին իմանալ Արտաշեսյան թագավորական տոհմի մասին:
 
Այս ինտերակտիվ շնորհանդեսի ողջ ընթացքում, հեղինակին ուղղված հարցերը չէին դադարում։ Իսկ Մաղաքյանի պատասխաններն ավելի մեծ հետաքրքրասիրություն էին առաջացնում հանդիսատեսի մեջ՝ դեպի հեքիաթների կախարդական աշխարհը, դրանց ստեղծման գաղտնիքները:
 
«Մենք» միության ղեկավարներից Հունան Եղոյանի խոսքերով՝ 
 
- Արփին իր էությամբ լի է անսահման ջերմությամբ ու լույսով, որոնք նա փոխանցում է շրջապատին։ Այս շնորհը ոչ բոլորին է տրված: Ուստի հեղինակը պետք է հաճախ հանդիպումներ ունենա Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, մի բան, որը չափազանց կարևոր է հայ համայքնների համար:
 
Գերմանաբնակ Անի Բոշիկյանն իր հերթին գոհունակություն հայտնեց գրողի հետ ծանոթանալու համար: 
 
- Մեր գրադարանը համալրվեց ևս երկու հիանալի գրքերով,- իր խոսքում նշեց Բոշիկյանը։
 
Հեքիաթագիր Արփի Մաղաքյանն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար․ 
 
- Դժվարություններն ու հոգնածությունը չքվում են, երբ մտնում ես մի սրահ, որտեղ հայի գեղեցիկ ու խոսուն աչքերն են։ Այդ աչքերում այնքան կարոտ կա, այնքան բառեր կան չասված... Հայրենիքի, մեր արմատների մասին նորն իմանալու այնքան մեծ ցանկություն կա։ 
 
Այս հանդիպումն առիթ հանդիսացավ, որպեսզի գրողի ու հայկական կազմակերպության միջև համագործակցության նոր առաջարկներ ծնվեն, որոնք, անշուշտ, կյանքի պիտի կոչվեն հաջորդիվ։
 
Նշենք նաև, որ Արփի Մաղաքյանը բնակվում է Հայաստանում։ Նրա գրքերը` «Երևանյան հեքիաթներ» (2019), «Արևի համբուրած Շուշին» (2022), «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023) և «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» (2024), վաճառվում են  հայաստանյան գրախանութներում։ Բեղուն գրիչ ցանկանանք մեր հայրենակցուհուն և բարի ու սերունդներ կրթող նորանոր ստեղծագործությունների ծնունդ։
 
«Մենք» երիտասարդական միություն
Դորտմունդ․ Գերմանիա