Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողություն՝ Երևանի քաղաքային պանթեոնում
Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:
Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին:
- Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է, և դրանով նա հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի: Կարծում եմ՝ թե՛ քանդակագործության, թե՛ նկարչության մեջ Քոչարի ստեղծած ժառանգությունը և նրա դրած ուղենիշները շատ արվեստագետների են ոգեշնչել ու ոգեշնչում, նրա գործերն աշխարհի տարբեր թանգարաններում են ցուցադրվում, ավելի մեծ շրջանակների ուսումնասիրության նյութ են դառնում: Մեզ համար հատկապես կարևոր է նրա 125-ամյակի առթիվ ևս մեկ անգամ արժևորվել արվեստագետին և նրա թողած ժառանգությունը,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն ողջ տարվա ընթացքում. ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ մեծանուն արվեստագետի հոբելյանը պատշաճ կազմակերպելու և նշելու համար։ Անցկացվելու են տարբեր միջոցառումներ ինչպես Երևանում և ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում, լինելու են ստեղծագործությունների և ֆիլմերի ցուցադրություններ, կրթական ծրագրեր ու առանձին միջոցառումներ:
- Այսօրինակ միջոցառումներով փորձելու ենք ևս մեկ անգամ հանրահռչակել, գնահատել և արժևորել Երվանդ Քոչարի անունը, ստեղծագործությունները: Հատկանշական է նաև, որ այս տարի նշելու ենք մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-ամյակը, որի քանդակագործը Երվանդ Քոչարն է: Այսօրինակ միջոցառումներով ևս մեկ անգամ կբացահայտենք Երևանի այն բոլոր կարևոր վայրերը, որոնք կապված են Քոչարի ստեղծագործական գործունեության հետ: Նմանօրինակ նախաձեռնությունները հետաքրքրություն կառաջացնեն նաև զբոսաշրջիկների շրջանում՝ այլ տեսանկյունից բացահայտելու Երևանը,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Պանթեոնում խնկարկման արարողությունից հետո Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել արվեստագետին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձել են Երվանդ Քոչարի կյանքին, ստեղծագործություններին, գործունեությանը:





