«Ֆեստիվառ»-ը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  ֆինանսական աջակցությամբ,  Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ:
 
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախաձեռնված ծրագիրն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականությանը. 
 
- Մշակույթի ռազմավարության կարևոր կետերից է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու  համապատասխան միջավայրերի ձևավորումը, ինչին էլ միտված է «Ֆեստիվառ» փառատոնի իրականացումը:  Մարզային 3 քաղաքներում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի անցյալ տարվա միջոցառումները ցույց տվեցին, որ ծրագիրը պահանջված ու սպասված էր մարզերում:
 
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերում, որոնք ուղղված են մշակութային  ակտիվության խրախուսմանը: 
 
- Այդ իմաստով «Ֆեստիվառն» իրոք աննախադեպ ցուցանիշներ է ունեցել. ավելի քան 50 հազար այցելու է գրանցվել: Փաստական այս արդյունքը հիմք դարձավ, որպեսզի մարզային երաժշտական այս փառատոնը դառնա ամենամյա: Քաղաքների ընտրության պարագայում փորձ է արվել հնարավորինս ընդլայնել աշխարհագրությունը, և ներառել այն քաղաքները, որոնցում կարևորվում է զբոսաշրջային մեծ ակտիվությունը: Որակյալ երաժշտության և ծրագրի առկայությանն առանցքային  նշանակություն է տրվում: Փառատոնային այս ձևաչափը նաև հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին նորովի բացահայտել Հայաստանը,-  նշել է նախարարը:
 
Նրա տեղեկացմամբ՝ փառատոնային միջոցառումները նախատեսվում են ոչ աշխատանքային օրերին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան մասնակցելու համերգներին, ինչպես նաև այցելելու տվյալ մարզի պատմամշակութային վայրեր: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մարզերում տնտեսական կյանքի զարգացման վրա փառատոնի թողած ազդեցությունը. 
 
- Փառատոնի  ծրագրի  կարևոր բաղադրիչներից է նաև տեղի տնտեսվարողներին հարթակի տրամադրումը՝ իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնելու, դրանք ճանաչելի դարձնելու նպատակով: Կարևոր է նաև այն փաստը, որ փառատոնային ծրագրում ակտիվորեն ընդգրկված են մարզերի մշակութային խմբերը և հաստատությունները, որոնք օրվա ընթացքում ելույթներ են ունենում՝ ևս մեկ հնարավորություն ունենալով իրենց ստեղծագործություններն ու կատարումները ներկայացնելու հանրությանը: 
 
Նախարարը բոլորին սիրով հրավիրել է ներկա գտնվելու, հաղորդակից լինելու և վայելելու փառատոնային միջավայրն ու համերգները, ինչպես նաև պատմամշակութային վայրեր այցելությամբ՝ նորովի բացահայտելու Հայաստանը:
 
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ միջոցառման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար և ընդգծել․
 
- Կարծում եմ՝ կարևոր ուղերձ է, որ մենք մշակույթըու տանում ենք մարզեր ու նմանօրինակ խոշոր միջոցառումներ կազմակերպմ ենք հենց մարզերում: Հանրային հեռուստաընկերության համար ևս սա կարևոր փորձառություն է, քանի որ ոչ թե պարզապես հեռարձակողի դերում ենք, այլ՝ մի մեծ փառատոնի կազմակերպչի: Կարևոր է, որ միջոցառումն այսուհետ կկրի ամենամյա բնույթ: Նախորդ տարվա փառատոնից հետո տարբեր քաղաքներից առաջարկներ ենք ստացել «Ֆեստիվառն» անցկացնելու վերաբերյալ:
 
- Շատ կարևոր է, որ փառատոնին մասնակցեն ոչ միայն նշյալ համայնքների բնակիչները, այլև մեր հայրենակիցները թե՛ Հայաստանի տարբեր հատվածներից, թե՛ սփյուռքից, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ, քանի որ «Ֆեստիվառի» երեք հիմնական ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է: Ապահովվելու է նաև փոխադրամիջոց, որը տեղում հյուրերին ուղեկցելու է տարբեր զբոսաշրջային վայրեր, ինչի շնորհիվ նրանք կկարողանան ծանոթանալ տեսարժան վայրերին,- հավելել է Հովհաննես Մովսիսյանը և տեղեկացրել՝ արդեն իսկ վերոնշյալ երեք համայնքների և մարզերի համար պատրաստվում են տեսարժան վայրերի և մարզի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ: