Թատերատոն՝ «Մարի Իզմիրլյան» մանկատան սաների համար

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարի Իզմիրլյան» մանկատան մի խումբ սաների նախօրեին հրավիրել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ դիտելու «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը (բեմադրումը՝ Ռուզան Խաչատրյանի): Ի դեպ՝ այն «Մարի Իզմիրլյան» մանկատան սաների համար բեմադրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» միջոցառման շրջանակում:
 
Ներկայացումից հետո երեխաները բեմում զրուցել են դերասանների հետ, նրանց ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, կիսվել կերպարների մասին իրենց տպավորություններով: Նրանք նաև ոգևորությամբ ծանոթացել են թատրոնի հետնաբեմին,  դերասանական արվեստին ու դերասանների առօրյային: 
 
Միջոցառմանը հետևել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացման ավարտից հետո երեխաների հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նրանց նախասիրություններով, խորհուրդ տվել իրենց առօրյայում անպայման ժամանակ հատկացնել մշակույթի և արվեստի մասին իմացությանը և խոստացել, որ ԿԳՄՍ նախարարությունը նրանց համար հաճախ կկազմակերպի նմանատիպ միջոցառումներ: 
 
Հանդիպման ավարտին երեխաները նախարարության կողմից հմտությունները զարգացնող տարաբնույթ խաղեր են նվեր ստացել: