Կիպրոսում դեմ չեն հայկական գինի համտեսելուն
Կիպրոսցիներն ամենևին էլ դեմ չեն ճաշակել զբոսաշրջիկների ու ներգաղթյալների «բերած» նոր համերը։ Օրինակ՝ Կիպրոսը շատ գինիներ է ներմուծում, թեև իրավամբ հպարտանում է սեփական խմիչքով։
- Հայկական մթերքն ու գինին կարող են պահանջված լինել Կիպրոսում, և դրանում զարմանալի ոչինչ չկա․ այս մասին Sputnik Արմենիային ասել է Premierview Ltd (Կիպրոս) ընկերության մենեջեր Դիմիտրիս Մարկուլիդիսը Երևանում հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած «Հայաստան - Կիպրոս. բիզնեսի հնարավորություններ» համաժողովի շրջանակում։
Թվում է, թե այն ամենը, ինչով հայտնի է Հայաստանը, կա նաև Կիպրոսում` և՛ թարմ մրգեր, և՛ մուրաբաներ, և՛ մեղր, և՛, իհարկե, գինի։ Բացի այդ, Կիպրոսի շուկան փոքր է (մշտական բնակչությունն այնտեղ երկուսուկես անգամ քիչ է, քան Հայաստանում)։
- Բայց եկեք չմոռանանք, որ մեզ մոտ շատ զբոսաշրջիկներ են գալիս, որոնց միշտ հետաքրքիր է ինչ-որ նոր բան համտեսել։ Այդ սովորությունը վերցրել են նաև տեղի բնակիչները», - նշեց նա։
Ուստի, թեև Կիպրոսում գինեգործության պատմությունը մի քանի հազար տարվա պատմություն ունի (ինչը, ինչպես Հայաստանում, հաստատվում է բազմաթիվ հնագիտական գտածոներով), և Կիպրոսի հույներն իրավամբ հպարտանում են դրանով, Կիպրոսի սուպերմարկետներում քիչ չեն արտասահմանյան գինիները` հունական (որը կիպրոսցիների համար ոչ այդքան արտասահմանյան է, այլ գրեթե տեղական), ինչպես նաև ամերիկյան, չիլիական, իտալական։
Կիպրոսում կարիք չկա զրոյից բացատրելու, թե ինչ է հայկական արտադրանքը, որովհետև այնտեղ համընդհանուր հարգանք վայելող հայկական համայնք կա, հայկական ռեստորաններ, իսկ խանութներում՝ հայկական մթերք։ Ճիշտ է՝ առայժմ շատ չեն, և դրանք կարելի է գնել հիմնականում ռուսական ապրանքների խանութներում։ Ինչպես Եվրոպայի և ԱՄՆ-ի շատ այլ երկրներում, ռուսական ապրանքների կողքին գտնվող նմանատիպ խանութներում վաճառվում են նախկին ԽՍՀՄ երկրների ապրանքները: Մարկուլիդիսի խոսքով՝ ի վերջո, բացի զբոսաշրջիկներից, Կիպրոսում շատ ներգաղթյալներ կան, այդ թվում՝ Ռուսաստանից և հետխորհրդային այլ երկրներից, որոնք հաճույքով գնում են իրենց ծանոթ ապրանքները։
- Առայժմ ես Կիպրոսում չեմ տեսել հայկական ապրանքանիշների ներկայացուցիչների, և ճիշտ ժամանակն է լրացնել այդ բացը։ Ես հանդիպումներ եմ ունեցել ձեր մի քանի ներկայացուցիչների հետ, կշարունակենք աշխատել, - հավելեց նա։
Իհարկե, նոր շուկա մուտք գործելու համար հարկավոր է մարկետինգային երկարաժամկետ ռազմավարություն, որի համար պետք է գումար ծախսել: Մարկուլիդիսի խոսքով՝ Կիպրոսի շուկայի ոչ մեծ մասշտաբը կարող է առավելություն դառնալ․ ավելի քիչ ծախս կպահանջվի, քան Ֆրանսիայում կամ Գերմանիայում։