Գիտագործնական երկրորդ միջազգայինը՝ գարնանամուտին

Գարնան սկիզբը Ռուսաստանի պրոֆեսիոնալ գրականագետների միության
հրավերով գրականագետները դիմավորել են «Ռուսաց լեզուն և գրականությունը ժամանակակից աշխարհում. ինչպես պահպանել ազգային
մշակութային կոդը» երկրորդ միջազգային գիտագործնական գիտաժողովում, որը տեղի է ունեցել Հեռավար ձևաչափով մարտի 1-2-ը։
 
Գիտաժողովին մասնակցում էին շուրջ ութ տասնյակ գրողներ և գրականագետներ՝ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելառուսից և այլ երկրներից։ 
 
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում հնչեցին երեք տասնյակ զեկույցներ, (առաջին օրը՝ 19, երկրորդ օրը՝ 11) «Ազգային մշակութային գենետիկ կոդը ժամանակակից գրականության մեջ», «19-20-րդ դարերի գրողների մշակութային ժառանգությունը», «Բանաստեղծական տեքստը մշակութային գենետիկ կոդը պահպանելու հատուկ տարբերակ», «Գրական ստեղծագործություն և ինտերնետ. ամենապահանջված ժանրերը», «Ժամանակակից և ապագա Ռուսաստանի մշակութային խորհրդանիշները» և «Հեքիաթի դերը՝ որպես ազգային գենետիկ կոդը փոխանցելու միջոց» թեմաներով։
 
Նաև տեղի ունեցան քննարկումներ և վարպետաց դասեր «Ու՞ր են անհետացել 90-ականների բանաստեղծները», «Ժամանակակից հայացք պոեզիային՝ հանգ և ռիթմ», «Ազգային մշակութային գենետիկ կոդի ձևերը և փոխանցման մեթոդները» թեմաներով։ 
 
Հայաստանը, Ռուսաստանի պրոֆեսիոնալ գրականագետների միության նախագահ Իրինա Մանինայի հրավերով ներկայացնում էր Հայաստանի մշակույթի գործիչների միության միջազգային համագործակցությամբ հարցերով հանձնաժողովի նախագահ, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանը (Մխիթար Մոս-Մուշեղյան), ով հանդես եկավ «Ազգային մշակութային գենետիկ կոդը» թեմայով զեկույցով։
 
Առաջիկայում նախատեսվում է բարեկամության Հուշագրի կնքում երկու կազմակերպությունների միջև։