«1924 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին»

ԱՍՄՈՒՆՔԻ ԵՐԵԿՈ՝ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ և Սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ տեղի ունեցավ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված «1924 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին» խորագիրը կրող ասմունքի երեկո։
 
Միջոցառմանը ներգրավված էին Ինքնագործ միավորման անդամ 10 դատապարտյալներ՝ Վալերի Թումասյանը, Վանիկ Կիրակոսյանը, Վիտալիոս Խիոնիդիսը, Մարատ Սարգսյանը, Արթուր Քոչարյանը, Սեյրան Մարկոսյանը, Կարեն Դալլաքյանը և Միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը։ 
 
Հանդիսությանը ներկա էին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Արզումանյանը, այլ հյուրեր և պաշտոնյաներ։ 
 
Պատվավոր հյուրերի շարքում քիչ չէին նաև անվանի մշակութային գործիչները, այդ թվում՝ Պարույր Սևակի թոռը՝ տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ Սևակ Ղազարյանը, Եղիշե Չարենցի թոռնուհի և տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը, Գուսանների միության նախագահ գուսան Հայկազունը, Հայաստանի մշակույթի գործիչների միության փոխնախագահ Գագիկ Հառիճեցին, Միության նախագահի հատուկ հարցերով ներկայացուցիչ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանը, «Էլ-մար» նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտի նախագահ, դերասան Արմեն Դալլաքյանը ։ Միջոցառման շրջանակներում Ինքնագործ միավորման անդամները ներկայացրին Պարույր Սևակի կյանքն ու գործունեությունը, ասմունքեցին ավելի քան երկու տասնյակ բանաստեղծություններ։ 
 
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի կողմից շնորհակալագրերի արժանացան Ինքնագործ միավորման միջոցառումներին մշտապես աջակցող Հայաստանի մշակույթի գործիչների միությունը (նախագահ՝ Նարինե Մակրտումյան), Գուսանների միությունը (նախագահ՝ Գուսան Հայկազուն), «Էլ-մար» նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտը (նախագահ՝ Արմեն Դալլաքյան), Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ Սևակ Ղազարյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը։
 
Գուսանների միությունն էլ իր հերթին պարգևատրեց միջոցառման մասնակից բոլոր դատապարտյալներին, Քրեակատարողական ծառայության ՍՀԻԱ բաժնի պետ Ծովինար Թադևոսյանին, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ՝ Արսեն Արզումանյանին, հիմնարկի ՍՀԻԱ բաժնի պետի պարտականությունները կատարող Սարո Մարգարյանին, բաժնի աշխատակից, Ինքնագործ միավորման աշխատանքները համակարգող Ասյա Օհանյանին։ Միջոցառման ավարտին Արդարադատության նախարարն ու բոլոր ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին՝ խոստանալով այցելել մարտ ամսին տեղի ունենալիք ներկայացմանը, որն ինքնագործ միավորման կազմով բեմադրվելու է թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։
 
ՔԿՀ գրադարանում Ինքնագործ միավորման նախաձեռնությամբ և Պ․ Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի կողմից նվիրաբերված գրքերով բացվեց Պ․ Սևակին նվիրված հոբելյանական անկյուն։