Ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

ՆՊԱՏԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանում նոր ենթաբաժին է ավելացել «Ուտեստների շտեմարան» վերնագրով, որը կազմվել է ՀՀ համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։
 
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ գործընթացին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ: Գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։
 
Գույքագրմանը մասնակցել են պետական և հասարակական կազմակերպություններ, ուտեստի ոլորտի մասնավոր ձեռնարկություններ և անհատներ։ 
 
Գույքագրման նպատակն էր հավաքագրել ներկայում ՀՀ համայնքներում կենսունակ ազգային ուտեստները՝ ոչ միայն ապահովվելու ժառանգության այդ ձևի  պահպանությունն ու փոխանցումը, այլև կենսունակությունը, տարածումը և հանրահռչակումը: Այն կնպաստի նաև գաստրո զբոսաշրջության և համայնքների տնտեսական առաջընթացին ու կայունությանը:
 
Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով «Ուտեստների շտեմարանը» շարունակաբար կհամալրվի նոր տարրերով  և ուտեստների մասին տեսանկարահանումներով՝ նպաստելով ազգային կերակրատեսակների մասին հասարակության իրազեկմանը, պահպանությանն ու կիրառմանը։