«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ»
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվորեն համագործակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։
Դեռևս 2018 թվականին Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ցուցադրվել են 10 բացառիկ ցուցանմուշներ։

Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:
Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ I դ․ ): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ։
Այս ցուցադրության կազմակերպման աշխատանքները վերջնականացման փուլում են, որի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության և թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին:
ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի պատմության թանգարանը ակտիվ համագործակցում են Բրիտանական թանգարանի, ինչպես նաև այլ հեղինակավոր գործընկերներ կառույցների հետ՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակութային ժառանգությունը պատշաճ ներկայացնելու և հանրահռչակելու ուղղությամբ։