Ամբերդն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է  «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։ 
 
«Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող և 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:
 
2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.
 
o Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ
o Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ 
o Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ
o Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ
o Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ
o Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ
o Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ
o Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ
o Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ
o Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ
o Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ
 
«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր պրոֆ. Հերման Պարզինգերը հայտարարել է. 
 
- Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են քանդման, ոչ պատշաճ զարգացման, բնական աղետների կործանարար ազդեցության, անտեսման կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս կարճ ցուցակը հրապարակելով՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին և տեղական համայնքներին, ովքեր խորապես նվիրված են այս վայրերը փրկելուն: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաև որպես կայունության,  համախմբված և խաղաղ ապագայի խթան։
 
Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդարն ասել է. 
 
- Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության և տնտեսական աճի համար հիմնական ռեսուրս է: Այս կարճ ցուցակը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, և որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր Եվրոպա Նոստրայի հետ միասին․ ողջ Եվրոպայում ընդլայնում է այն տեղական համայնքների ջանքերը, որոնք գիտեն, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի այլ հրատապ մարտահրավերներ հաղթահարելուն։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված և պահպանված տեսնել:
 
Վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերը ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության և ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:
 
Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը, ինչպես նաև այն լուրջ վտանգը, որին դրանք այսօր առերեսվում են։ Տեղական համայնքների ներգրավվածության մակարդակն ու պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառությունը այս վայրերը փրկելու հարցում կարևորվել են որպես հավելյալ արժեքներ: Ընտրության մեկ այլ չափանիշ էր այս վայրերի ներուժը՝ որպես կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթան:
Եվրոպայում 2024 թվականի «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։
 
«7 ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է կազմում: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը, տալիս է անկախ գնահատականներ և հետագա գործողությունների առաջարկներ է անում: 2013 թ.-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը վարում է Եվրոպա Նոստրան՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ունի նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությունը: Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել են վտանգի տակ գտնվող 56 հուշարձաններ և ժառանգության վայրեր Եվրոպայի 31 երկրներից: