«Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը: 
 
Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ, «Վիքիմեդիա Հայաստանի» հետ համատեղ, Հայաստանը մրցույթ-նախագծով կմիանա միջազգային այս նախաձեռնությանը։ Նախագիծն ունի երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։
 
«Պաշտպանելով կենսունակ ժառանգությունը» խորագրով լուսանկարչական մրցույթը տեղի կունենա կոնվենցիայի համակարգողների եվրոպական ցանցի (European Network of Focal Points) նախաձեռնությամբ: 
 
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին առնչվող լուսանկարները` հակիրճ նկարագրությամբ, անհրաժեշտ է վերբեռնել Վիքի հարթակում կամ ուղարկել intangibleheritage22@gmail.com էլեկտրոնային փոստին՝ մինչև սեպտեմբերի 15-ը։
Ընտրված լավագույն 5 լուսանկարը կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի համակարգողների խմբին, իսկ արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի մինչև հոկտեմբերի 17-ը։ 
Նախագծի խմբագրական մրցույթի նպատակը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Վիքիպեդիայում նյութերի մուտքագրումն է, տարածումն ու հանրայնացումը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ Վիքիպեդիայում տեղադրել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայերեն և անգլերեն հոդվածներ։
 
Հոդվածներ խմբագրելու և լուսանկարներ վերբեռնելու գործում մասնակից կամավորներին աջակցելու նպատակով Վիքիմեդիա Հայաստանը կանցկացնի մեկօրյա դասընթաց։
Ծրագիրը կամփոփվի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում` շնորհակալագրերի հանձնմամբ։