Վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին

ԲԱՐԵՐԱՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՔՐԴԻԿԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռևս նախորդ տարի ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և զանգակատան իրականացման Էսքիզային նախագիծը: Այն քննարկվել էր  2022 թ. օգոստոսի 23-ին կայացած ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում և արժանացել հավանության: Դրանից հետո նախարարության հետ համաձայնեցվել է եկեղեցու վերականգնման աշխատանքային նախագիծը:
 
Եկեղեցու ներքին տարածությունը պատշաճ վիճակի բերելու համար իրականացվել է սրահի, դասի, ավանդատների և բեմի սալահատակ՝ կանոնավոր, տարբեր չափերի բազալտյա սալերով, խառը շարվածքով: Տեղադրվել է փայտյա քանդակազարդ նոր դուռ և տեղադրվել է զանգաշտարակ՝ ժամանակաշրջանին և Սյունիքի տարածաշրջանին բնորոշ ճարտարապետական լուծումներով։ Մաքրվել է հյուսիսային ճակատում լանջից քարաթափումների արդյունքում սողքերի տակ թաղված և անմխիթար, քայքայված վիճակում գտնվող տանիքը: Պեղումներն իրականացվել են հնագետի ուղեկցությամբ, որի ընթացքում բացվել են բնական ժայռերը՝ ստեղծելով բնական միջավայր: Ապահովվել է նաև ներքին լուսավորության համակարգով։
 
Կառուցվել են նաև բազալտյա անտաշ քարերով հենապատեր՝ ընդօրինակելով շրջակայքում պահպանված տարբեր կառույցների պատերին բնորոշ շարվածքը, ստեղծելով երբեմնի գյուղական միջավայրին հարազատ իրավիճակ, եկեղեցու երեք կողմերում՝ աստիճանաձև շարվածքներ անտաշ և կոպտատաշ բազալտներով, զերծ մնալով քաղաքային կերպարի ստեղծումից։ Եկեղեցու հարավային հարակից հարթակը սալարկվել է ճեղքած, անկանոն եզրագծերով բազալտյա քարերով՝ (բուսածածկ կարաններով) պահպանելով հողածածկույթի տակից բացահայտված պատաշարվածքների և թոնրի մնացորդները, բնական ժայռաքարերը: