Հանգիստ ու լուռ՝ իր տեսակի պես խաղաղ հեռացավ այս աշխարհից
73 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Գուրգեն Բալայանը, ով մշակութային ու մշակութասեր հասարակայնությանն առավել հայտնի է «Գուրգեն Լոռեցի», «Գուրգեն Բալունի», «Գուրգեն Բալունց» և այլ՝ իր անձի հետ որևէ կերպ չկապվող անուններով։
Անունների՝ առաջին հայացքից տարօրինակ թվացող բազմազանությունը իսկական բնորոշիչ է մտավորականի համար։ Սա նշանակում է, որ հրապարակային նրա խոսքի ասելիքը միշտ վեր է եղել սեփական Եսից, ինքն իրեն ցուցադրելու, երևալու ցանկությունը շրջանցել է նրան։
Կար ու չկա․․․ հենց այսպես, հանգիստ ու լուռ՝ իր տեսակի պես խաղաղ հեռացավ այս աշխարհից՝ թողնելով բարի անուն ու համբավ և իր կորուստի ափսոսանքով այս շրջանն ապրող հսկայական լսարան՝ գործընկերներից մինչև մեկ-երկու անգամ նրան հանդիպելու, զրուցելու առիթ ունեցած անձինք։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը՝ «Այնպես ապրենք, որ նույնիսկ գերեզմանափորն ափսոսա մեր մահվան համար»։ Այսպես ապրեց Գուրգեն Բալայանը։
Անմնացորդ նվիրումով բացառապես բոլոր մերձավորների հանդեպ՝ լինի ընկեր, բարեկամ թե պարզապես ծանոթ։ Նույնպիսի հոգատարություն էր ցուցաբերում իր կողմից ղեկավարվող Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամ ընկերներին՝ լինեն ավագ սերնդի ներկայացուցիչ, թե երիտասարդ․․․
Լինելով ավագ սերնդի գործիչ, երբեք իրեն թոշակառու չհամարելով, Գուրգեն Բալայանը ստանձնեց ո՛չ միայն Մշակույթի գործիչների միության կազմավորումը, ո՛չ միայն Հայ դրամատուրգների միության կազմավորումը, այլև․․․ միջազգային մշակութային բարեկամության առաքելությունը՝ դառնալով Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարի տեղակալ։
«Երիտասարդության տեսանկյունից՝ կյանքը դա անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ» ասում էր Շոպենհաուերը․․․ Յոթանասունի շեմը հատած արվեստագետը իր «շատ կարճ անցյալի» կողքին տեսնում էր մեծ ապագա՝ հանուն հանուր մարդկության, հանուն ազգայինի ու համամարդկայինի, հանուն գեղեցիկի․․․
Ի՞նչ էր կատարվում նրա փոթորկահույզ հոգում, ենթադրել կարելի միայն՝ ծանոթանալով բազմաժանր գրողի բանաստեղծություններին։ Իսկ դրանից զատ՝ ազատ բոլոր կապանքներից, կաշկանդող տիտղոսներից․․․ Գուրգեն Բալայանն ընկեր էր, ընկե՛ր։ Սրտացավ․․․ Պողոսը գի՞րք է տպելու, կզանգեր տպագրիչ Պետրոսին, որ բարեխոսի՝ մի քիչ էժան տպեն, կսրբագրեր անձամբ՝ որ սխալներ, վրիպակներ չլինեն, որ ընթերցողին հասնի մաքրամաքուրը, զուլալը, գրականությունը․․․
Գուրգեն Բալայանը ինքն էլ գրականություն էր, որը պետք է խորապես ուսումնասիրեն անգամ մտերիմները, իսկ անծանոթները՝ ջանան հազարապատիկ։
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
Հայաստանի Մշակույթի գործիչների
միության խորհրդի անդամ, դրամատուրգ
Ընդամենը երկու շաբաթ առաջ՝ մայիսի 15-ին, մեր լավ ընկերոջ, «Ավանգարդի» ջերմ բարեկամ Գուրգեն Բալայանի ծննդյան օրն էր, ու բոլորս շտապում էին մեր սրտաբուխ մաղթանքները հղել նրան։ Իսկ մեկ շաբաթ առաջ ի՛նքն էր այցելել Ազգային գրադարան՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված՝ «Ավանգարդի» 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը։ Նրա ներկայությունն ուրախացրել էր բոլորին, ու ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ շատերիս համար դա վերջին հանդիպումն էր Գուրգենի հետ․․․
Ննջիր խաղաղությամբ, մեր լավ ընկեր․ ճիշտ այնպես, ինչպես ապրել ես, և ինչպես հիշելու ենք քեզ մեր ապրելիք օրերում։ Երևի, իսկապես, Երկինքն էլ քեզ նման արժանավորների կարիքն ունի։
«Ավանգարդ»