Կայացել է մշտադիտարկող հանձնախմբի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ այսօր՝ հունվարի 31-ին, Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։
 
Նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության  զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։
 
Նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։ 
Հանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։
 
Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստը անկացնելու համար։
 
Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։