ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվում է 62207199 քրեական գործը
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՔՆՆՉԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199 քրեական գործը:
2022 թվականի դրությամբ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես.

• Կատարվել են մի շարք առգրավումներ: Այսպես.
1. Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար:
2. Ոստիկանության և այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրության փուլում:
• Առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:
• Ստացվել են գործով դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները:
• Ստացված դիմումների, դրանց կից փաստաթղթերի և սկավառակների շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը և սկավառակները:
Նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:
Հանրային կապերի բաժին