Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր՝ 50-75 տարիքային խմբի համար
Հուլիսի 15-ից մեկնարկում է առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը:
Կոլոռեկտալ քաղցկեղը մեծահասակների խմբում ամենահաճախ հանդիպող քաղցկեղներից է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ աշխարհում առկա է կոլոռեկտալ քաղցկեղի հիվանդացության (տարածվածությամբ 3-4-րդ տեղն է զբաղեցնում չարորակ նորագոյացությունների մեջ), հատկապես հիվանդության ուշ փուլերում հայտնաբերված դեպքերի աճ:
Մեր երկրում 2021 թվականին կոլոռեկտալ քաղցկեղով (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի) հիվանդացության (կյանքում առաջին անգամ ախտորոշված) ցուցանիշը կազմել է 25.5 ըստ 100 000 բնակչի հաշվով (756 դեպք), տարածվածությունը՝ 167.9 (4972 դեպք), իսկ մահացությունը՝ 16 (475 դեպք): Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն (դեպքերի 83.6%) արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբերում։
Չափազանց բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը, մասնավորապես՝ 2021 թվականին կոլոռեկտալ քաղցկեղի շուրջ 70.9%-ը հայտնաբերվել է հիվանդության III և IV փուլում։
«U. S. Preventive Services Task Force» (USPSTF)-ի տվյալների համաձայն՝ կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը ցուցված է իրականացնել բնակչության 50-ից բարձր տարիքային խմբում:
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը ներդրվելու է Երևանում` ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ում: Նախատեսվում է տվյալ բժշկական կազմակերպություններում հավաքագրված 50-75 տարիքային խմբում ընդգրկված և պատահականության սկզբունքով ընտրված բնակչության 15%-ն ընդգրկել ծրագրի մեջ` հաջորդ տարվա ընթացքում հասցնելով ցուցանիշը մինչև 20%:
Ծրագրի ընթացքում իմունաքիմիական թեստի դրական արդյունքների դեպքում քաղաքացին ուղեգրվելու է կոլոնոսկոպիկ հետազոտության, որն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Կոլոնոսկոպիկ հետազոտության ընթացքում ախտաբանական փոփոխություններ հայտնաբերելիս բիոպտատն ուղարկվում է պաթոմորֆոլոգիական հետազոտության: Կոլոնոսկոպիկ և պաթոմորֆոլոգիական հետազոտությունների արդյունքներով կազմակերպվելու են նաև պրոկտոլոգի և/կամ ուռուցքաբանի խորհրդատվություններ:
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում բարելավել կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ցուցանիշը և իջեցնել մահացությունը: