Հայոց աշխարհի բազում պարծանքներից մեկը՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթ
85-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը հիմնադրման 85-ամյա հոբելյանին ընդառաջ մայրաքաղաք Երևանում ներկայացնում է հոբելյանական համերգաշարի առաջին համերգը:
Լեգենդար անսամբլի համերգը տեղի կունենա 2022 թ. հուլիսի 13-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ինչպես ծանուցել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը՝ համերգային շքեղ ծրագիր է նախատեսված. տասնամյակներ շարունակ հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացած կատարումների կողքին կներկայացվի նաև նոր ստեղծագործություն՝ Պարգև Տեր-Պողոսյանի «Պար պսակի» երգը անսամբլի արտիստների կատարմամբ: Երգի ձայնազարդումը՝ Գասպար Ամիրխանյանի: Բեմադրությունը՝ Գարիկ Խաչիկյանի: Մենակատարներ՝ Սեդա Ամիրխանյան և Դավիթ Խաչատրյան: Անսամբլի տնօրեն և գեղարվեստական մասի պատասխանատու՝ Գրիգոր Ոսկանյան:
«Պար պսակի» երգի ստեղծման մտահղացումը պատկանում է հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանին, ում մայրը իրենց ընտանիքում միշտ կատարել է այն, իսկ հետագայում էլ հիշյալ երգի ներքո իրականացվել են հարսանեկան հանդիսությունները:
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հիմնադրվել է 1938 թվականին ՀՍԽՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, բազմակի շքանշանակիր Թաթուլ Ալթունյանի ջանքերով, որի կողքին են եղել ժողովրդական արտիստներ կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և պարուսույց Էդուարդ Մանուկյանը:
Տարիներ շարունակ ունենալով մի այնպիսի տաղանդավոր ու հմուտ գեղարվեստական ղեկավար, ինչպիսին Թաթուլ Ալթունյանն էր, անսամբլը հսկայական գործ կատարեց՝ հայ ժողովրդական երգն ու պարը գրագետ մշակմամբ ու կատարողական բարձր արվեստով իր օրինական տիրոջը ՝ ժողովրդին վերադարձնելու ուղղությամբ: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնեցին մարդիկ, որոնք հանձն առան երգի-պարի անսամբլի նորացմանը, բարեփոխումներին՝ պահպանելով ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը՝ ներգրավելով համերգային ծրագրի մեջ երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ:
Գրեթե 85-ամյա հարուստ տարեգրությամբ, փառքի բարձունքներ նվաճած, աշխարհի բոլոր մայրցամաքներն այցելած, հազարավոր ունկնդիրների սրտեր նվաճած Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը կատարելով իր առաքելությունը՝ աշխարհին է ներկայացրել հայկական հնչյունի գենից ծնված ավանդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու գունագեղ տարազը՝ մնալով Հայոց աշխարհի բազում պարծանքներից մեկը: