Հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգը

ՔՆՆԱՐԿՈւՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2023 թվականից կներդնի հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ: 
 
Հայտարարագրման գործող էլեկտրոնային համակարգը ստեղծվել է շուրջ տասը տարի առաջ: Հայտարարատուների թվի, հայտարարագրերում ներկայացվող տեղեկությունների աճին զուգընթաց՝ գործող համակարգն այժմ աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, հայտարարագրման գործընթացը մեծամասամբ վերահսկվում է մեխանիկական աշխատանքի միջոցով, ինչը լրացուցիչ ռեսուրսների կարիք, մեխանիկական հավանական սխալների ռիսկ է առաջացնում:
 
Նոր էլեկտրոնային համակարգի ստեղծման համար ընտրվել է ՏՏ ոլորտի կայացած տեղական կազմակերպություն՝ Synergy Armenia, որի հետ շարունակական համագործակցության արդյունքում արվում և արվելու է ամեն հնարավորը առավելագույն արդյունքի հասնելու համար։
Հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգը հնարավորինս զերծ կլինի մարդկային գործոնով պայմանավորված ընտրողական մոտեցումներից։ Հանձնաժողովը կունենա տվյալների շտեմարանը վերլուծելու լավ գործիքներ։ Համակարգը թույլ կտա լրատվամիջոցներին կամ պարզապես հետաքրքրված անձանց հեշտ կատարել իրենց որոնումները, կատարել որոշակի վերլուծություններ, այսինքն` հաշվետվություններ ստանալ, ստեղծել, գտնել իրենց ուզածը։ 
 
Արդ, վաղը՝ հունիսի 29-ին Երևանի «Ռամադա» հյուրանոցում տեղի կունենա հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի ներդրման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համատեղ աշխատանքային քննարկումը։
 
Քննարկմանը կմասնակցեն պետական կառավարման համակարգի մի շարք մարմիններ և ոլորտային կազմակերպություններ։
Ողջույնի խոսքով հանդես կգան Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Փոխվարչապետի գրասենյակի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները։