ԱՄՆ ՄԶԳ-ը 120 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը նպատակների միջև հետևյալ կերպ՝ 68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար, 51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար: Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ այս փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, պետական կառավարման համակարգի և պետական ինքնակառավարման բարեփոխումների համար: «Փաստաթղթով սահմանված գործողությունները միտված են լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական հաշվետվողականության ինստիտուտների հզորացմանը, ընտրական և քաղաքական գործընթացներում բարեվարքության պահպանմանը, երկրում արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների ամրապնդմանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը և նշել. «120 մլն դոլարի ներդրում է իրականացվելու ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական անվտանգության և ինստիտուցիոնալ զարգացման բնագավառում: Իհարկե, ժողովրդավարության զարգացման առումով ներառում է նաև ընտրական իրավունքի և ընտրական համակարգի բարելավումը»:
Կառավարության ղեկավարն այս համատեքստում անդրադարձել է ընտրական գործընթացի բարեփոխումներին. «Մենք թվային բարեփոխումների շատ կարևոր մի փուլում ենք և քաղաքական առումով պետք է խնդիր դնենք: Դա հետևյալն է, որ ընտրական գործընթացն ի վերջո պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով՝ անձը հաստատող, և դա պետք է լինի նույնականացման քարտը: Սա շատ կարևոր է, և ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա: Հիմա մենք մի քանի փաստաթուղթ ունենք ընտրական՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր: Ընդ որում, պետք է ընտրական տեղամասում քարտը կարդացող սարքեր էլ ունենանք»: