ՀՀ պետբյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով
ԳՈՐԾԱԴԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Այսօր Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին:
«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավելի է կատարվել 147 միլիարդ դրամով. այսօրվա դրությամբ առկա է 2022 թվականի բյուջեի եկամտային մասի կատարման առումով 46 միլիարդ դրամի ավելի հավաքագրում: «Մենք կարծում ենք, որ բյուջեի եկամուտները, արտառոց ոչինչ չպատահելու դեպքում, ընդհանուր առմամբ՝ ավելին կլինեն, այսինքն՝ էլի կավելանան, և մենք գիտենք՝ կոնկրետ ինչի արդյունքում: Եվ մենք հիմա նախարարություններից սպասում ենք, որպեսզի նոր ծրագրեր ներկայացնեն: Հիշում եք՝ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ինչ մեծ բանավեճեր էր տեղի ունենում, մեր բոլոր նախարարությունները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան: Հիմա խնդրում են այդ անհետաձգելի ծրագրերը բերեք»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև աշխատաշուկայի ցուցանիշներին և նշել, որ 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական ռեկորդ է: «2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ մեր աշխատատեղերը ավելի են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավելի են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսին աշխատավարձի ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով. «Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»: