«Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագիրն առաջիկա 5 տարիներին կշարունակվի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020 թ. հունիսի 12-ին ստորագրվել է մտադրությունների նամակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագրի՝ հետագա հինգ տարիների իրականացման վերաբերյալ:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով 2010 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ։ Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարաններ և նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցներին ՀՀ բոլոր մարզերում: Գործընկերության արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները ապահովվել են առողջ սննդով՝ առողջության ամրապնդման և աղքատության հաղթահարման գլոբալ համատեքստում՝ ելնելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից 2-րդով՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությամբ։
ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020թ.-ի ապրիլի 30-ին կնքված համաձայնագրով ամրագրվում է առաջիկա տարիներին համագործակցության ընդլայնման լայն օրակարգ: Այդ շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՊՀԾ–ի միջև այսօր կնքված Մտադրությունների մասին նամակը նախատեսում է գործընկերության համակարգող մարմնի ստեղծում, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակում՝ Հայաստանի Հանրապետությունում կայուն դպրոցական սննդի ներդրմանն ուղղված համագործակցության շրջանակը և երկարաժամկետ հարաբերությունները կարգավորելու համար: Բացի այդ, կհաստատվի համատեղ տարեկան գործունեության պլան: Ընդլայնված համագործակցությունը առաջիկա տարիների համար ներառում է նաև առողջ սննդի տեղական արտադրության կազմակերպում, բոլոր շահառու երեխաների համար տաք սննդի ապահովում, ոչ միայն ՊՀԿ շահառու չորս, այլ նաև արդեն Ազգային ծրագրին փոխանցված վեց մարզերում դպրոցական խոհանոցների վերանորոգման և սարքավորումներով հագեցման լրացուցիչ աշխատանքներ, ինչպես նաև կայուն դպրոցական սննդի կազմակերպման և մշտադիտարկման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: