«Փորձում են հագուրդ տալ քաղաքական ամբիցիաներին»
ՌԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ճակատագիրը մեկ անգամ ևս փորձության է ենթարկում մեզ, կարծես համոզվելու համար իրո՞ք մենք այնքան կենսունակ և իմաստուն ժողովուրդ ենք, որն ի զորու է հաղթահարել նման բարդության արհավիրքները: Մեզ բոլորիս համար ակնհայտ է տվյալ իրավիճակում ամուր պետականության բացառիկ կարևորությունը, իշխանությունների շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը: Ակնառու է, որ հայաստանյան իշխանությունները ջանք չեն խնայում չարիքի դեմ պայքարի միջոցառումները պատշաճ իրականացնելու համար: Տարբեր բնույթի սոցիալական և տնտեսական ծրագրեր ֆինանսավորելով՝ ամեն ինչ արվում է մեղմելու քաղաքացիների սոցիալական, բարոյական և տնտեսական աննախադեպ խնդիրները:
Ցավոք, այս բոլորով հանդերձ մեր հասարակության մեջ կան որոշակի շերտեր, որոնք դժգոհ են ամեն ինչից և մեղադրում են բոլորին, բացի իրենցից, քանզի իրենք չեն կարողանում կառավարել իրենց իսկ կենսակերպը արտակարգ դրության պայմաններում՝ առանց որևէ պատասխանատվության զգացումի հասարակության հանդեպ, առիթ են տալիս վարակի տարածմանը: «Կորոնան» իր անտեսանելի շոշափուկները տարածել և սպառնում է ոչ միայն մարդկանց առողջությանն ու կյանքին, այլև որոշ մարդկանց քաղաքացիական ինքնագիտակցությանը, որոնք օգտվելով այս բարդ ու մեր ազգի համար վճռորոշ իրավիճակից, փորձում են հագուրդ տալ իրենց քաղաքական ամբիցիաներին:
«Հրապարակ» օրաթերթի և «Ա1+»-ի կայքերում ապրիլի 1-ին տեղադրվել է «Ցավոք, ոչ բոլոր հարցերն են իրատեսական և պատճառաբանված» վերնագրով անստորագիր, անպատասխանատու հայտարարություն Ռամկավար Ազատական կուսակցության անունից, նրա զինանշանի ներքո, առանց կուսակցության ղեկավար մարմնի գիտության, մինչդեռ Ռամկավար Ազատական կուսակցությունն ունի ՀՀ պետական գրանցում՝ հաստատված համապատասխան խորհրդանիշերով և միայն կուսակցության Կենտրոնական վարչությունն իրավունք ունի հանդես գալ քաղաքական բնույթի հայտարարություններով: Անհայտ «բարեգործները» ինչ նկատառումներով են իրենց քաղաքական զեղումները տեղավորել Ռամկավար Ազատական կուսակցության զինանշանի տակ՝ իրենց է միայն հայտնի:
ՌԱԿ Կենտրոնական վարչությունն իր բողոքն է արտահայտում և դատապարտում «Հրապարակ» օրաթերթի և «Ա1+»-ի խմբագրակազմերին և հորդորում հեռացնել նյութը իրենց կայքերից, և առաջիկայում զերծ մնալ ՌԱ կուսակցության բարի անունը շահարկելուց, քանզի ՌԱ կուսակցության բազմաթիվ այլ հայտարարություններից ակնհայտ երևում է կուսակցության որդեգրած պետականամետ քաղաքական կողմնորոշումը: Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք այս հանգամանքի վրա հրավիրել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության ուշադրությունը, այն առումով, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նմանատիպ սադրիչ հրապարակումները կարող են խուճապ առաջացնել հասարակության շրջանում, այդ իսկ պատճառով խնդրում ենք հետևողական պայքար ծավալել նման երևույթների դեմ և պատասխանատվության ենթարկել վերոնշյալ թերթերի խմբագրակազմերին նմանատիպ անստորագիր և ինքնակոչ հայտարարություններ հրապարակելու համար՝ անհրաժեշտության դեպքում նաև գրավոր կդիմենք ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությանը:
ՌԱԿ ատենապետ՝ Հրաչյա Կարապետյան
Ատենադպիր՝ Սուրեն Սարգսյան