Հայ-իսպանական միջմշակութային հանդիպում՝ Ալկասեր քաղաքում
Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 14-ին, ժամը 20։00՝ Ալկասերի Սոցիալական կենտրոնում։
Այն կնախագահեն քաղաքապետ Էվա Սամորան (Eva Zamora), «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» անվանակարգում մրցանակակիր Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota) և «Արարատ» Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։
Միջոցառումը կվարի Ալկասերում միության ներկայացուցիչ Էդիտա Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում կհնչեն հայ գրականության գլուխգործոցներ՝ հայերենով և իսպաներենով, ապա Սալվադոր Գարսիան կներկայացնի հայ-իսպանական բարեկամության սկզբնավորման պատմությունը, ներկա և ապագա մարտահրավերները։
Արարատ Ղուկասյանը կներկայացնի Իսպանիայում հայկական հետքի մասին պատմող հետաքրքրաշարժ պատմություններն ու դեպքերը։
Հանդիպման ընթացքում կցուցադրվեն Հայաստանն ու Իսպանիան բնորոշող արվեստի գործեր, գրքեր, ինչպես նաև Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի դասախոս Իրինա Վանյանի յուրատեսակ տիկնիկների հավաքածուն՝ հայ-իսպանական ազգային մոտիվներով և տարազներով։
Վերջում ներկաները կհամտեսեն հայկական և իսպանական խոհանոցների համեղ խորտիկները։