Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ԱՄՓՈՓՈՒՄԸ

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
 
1. Զինվորների համար նախատեսված գուլպաները ապօրինի չեն վաճառվում 
 
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները՝ դեկտեմբերի 26-ին «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան կատարած այցից հետո հանդես էին եկել  հայտարարությամբ, որ կենտրոնում հայտնաբերել են «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ և ստուգումների արդյունքներն ուղարկվելու են դատախազություն»: Հայտարարությունից հետո մեդիադաշտում քննարկումներ սկսեցին, թե  զինվորի համար նախատեսված գուլպաները ապօրինի վաճառվում են «Առինջ մոլի» տաղավարներից մեկում:
 
Իրականում, սակայն, ապրանքատեսակը պատկանում է մասնավոր ընկերության, որը, ի թիվս այլ ապրանքների, արտադրում է նաև գուլպաներ: Այդ մասին էին վկայում նաև գուլպաների պիտակների վրա արված գրառումները. առկա էր հասցեն, արտադրողի տվյալները, շտրիխ-կոդը։ Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը:
 
2․ Թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ը՝ պայմանագրի ավարտից հետո դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտ պետք է ներկայացներ
 
Շաբաթվա սկզբում մամուլը գրեց, թե Երևանի թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը: 
 
Նախարարությունից հերքեցին տարածվող տեղեկությունը՝ նշելով, որ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող ծառայությունների տրամադրումն իրականացվում է բացառապես մրցութային կարգով՝ տարբեր կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ: Երևանի թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետ ևս կնքված է եղել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որի գործողության վերջնաժամկետը եղել է դեկտեմբերի 31-ը։ 
 
Նոր դրամաշնորհ ստանալու համար նշյալ մանկապարտեզը պետք է դիմեր և մասանկցեր մրցույթի, սակայն վերջինիս կողմից մասնակցության որևէ հայտ չի ներկայացվել։
 
3. Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածի համար կառավարությունը գումար չի հատկացրել
 
Շվեյցարական «Berner Zeitung» թերթը իր՝ հունվարի 7-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել էր Հայաստանին։ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերտառությամբ հոդվածում թերթն անդրադարձել էր երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և դրա արդյունքներին՝ գնահատելով դրանք դրական։
 
Հունվարի 14-ին մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ և արժեցել է 6 մլն 900 հազար դրամ։ Առանց լուրի իսկությունը ճշտելու՝ տեղեկությունը լրատվականների զգալի մասը արտատպեց։
 
Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատելով թերթի խմբագրության հետ՝  տեղեկացավ, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում և որևէ պատվիրատու չի ունեցել։
 
Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ևս հերքեց այս լուրը՝ հայտնելով, որ «Berner Zeitung» թերթին որևէ հոդվածի պատվեր չի կատարել, ինչպես նաև՝ պետական բյուջեից վերոնշյալ հրապարակման համար գումար չի հատկացվել։ 
 
4․ Նախարարությունը  շարունակում է ֆինանսավորել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներըՀունվարի 13-ին մամուլում տեղեկություն տարածվեց, թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը։
 
Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը չի դադարեցվել։ 2019-ի կառավարության որոշման համաձայն ծրագրին տրամադրվել է լրացուցիչ 834 մլն դրամ նոր 284 լաբարատորիաների ստեղծման համար, ինչպես նաև 352 մլն՝ 402 խմբակավարների աշխատավարձի տրամադրման համար, իսկ 2020 թվականին նախատեսվում է տրամադրել ևս 671,7 մլն դրամ՝ որպես 707 խմբակների խմբակավարների աշխատավարձ։
 
5․ ԱԻՆ-ի՝  փրկարարական վարժանքների և մարզումների կազմակերպման բաժնի փակման մասին լուրը սուտ էր
 
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը,  անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե նախարարությունը պատրաստվում է փակել փրկարար ծառայության փրկարարական վարժանքների և փրկարարական մարզումների կազմակերպման բաժինը, հերքեց այն։
 
Նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. բաժինը գործում է և որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից։ ԱԻՆ-ը հերքեց նաև սպասվող կրճատումների մասին ակտիվորեն շրջանառվող  տեղեկությունները։ 
 
«Նախարարությունում իրականացվող օպիմալացման ծրագրի արդյունքում կրճատվելիք կրկնվող հաստիքներ զբաղեցնող աշխատակիցները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող թվաքանակը»,- նշված էր հայտարարության մեջ։
 
6․ Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան. Քննչական կոմիտե
 
Sputnik Արմենիա լրատվականը  հրապարակել էր հարցազրույց՝ ապօրինի որդեգրման գործով երեխաներից մեկի ծնողի հետ, որում, ի թիվս այլ բաների, հայտնել էր նաև, որ Ամանորից առաջ մի շարք հայ երեխաների ինքնություններ են պարզվել և կազմակերպվել է նրանց վերադարձը Հայաստան։
 
Հայաստանի քննչական կոմիտեն, անդրադառնալով հրապարակմանը, հայտնեց, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան: Ավելին՝ գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:
 
Կապ հաստատելով այլ իրավապահ մարմինների հետ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզեց, որ սույն քրեական գործը ոչ ՀՔԾ-ի, և ոչ էլ ԱԱԾ-ի քննչական մարմինների վարույթներում չի քննվում, հետևաբար  տեղեկությունը, թե իրավապահ մարմինների կողմից բացահայտվել և դեպի Հայաստան է կազմակերպվել  մի շարք ապօրինի որդեգրված հայ երեխաների վերադարձ, չի համապատասխանում իրականությանը։ 
 
7․ Գաղտնալսման քրեական գործի շրջանակում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջայինը զննության ենթարկվել է
 
«Ժողովուրդ» օրաթերթում շաբաթվա վերջին հրապարակվել էր «ՀՔԾ պետը հրաժարվել է տալ իր հեռախոսը» վերտառությամբ հոդված, ըստ որի՝  ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի համար ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը  իր բջջայինը զննության չի հանձնել։
 
ՀՀ քննչական կոմիտեն, անդրադառնալով տեղեկությանը, հերքեց այն՝ հայտնելով, որ հարուցված քրեական գործով զննության է ենթարկվել  ինչպես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջային հեռախոսը։
 
Տեղեկատվության ստուգման կենտրոն