«Մի' տրվեք ապատեղեկատվությանը»
Լրագրողներին հասցեագրված մի հրապարակում են տարածել ՀՊՏՀ ուսանողներ, որը նրանք համարում են փաստարկ առ այն, թե ինչպես է բուհի ղեկավարությունը թյուրիմացության մեջ փորձում պահել ուսանողներին:
ՀՊՏՀ գիտական խորհրդի օգոստոսի 28-ի նիստին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մենք և հավանաբար շատերը դադարել ենք վստահել գիտական խորհրդի կազմի զգալի մասին:
Մի քանի րոպե ներկա լինելով սեպտեմբերի 6-ի նիստին՝ փորձել ենք ստանալ որոշ հարցերի պատասխաններ: Ստորև ներկայացնում ենք մեր բարձրաձայնած հարցերը, գիտական խորհրդի կողմից տրված պատասխանները և վերջում՝ իրականությունը:
ՀԱՐՑ. Մրցույթի կանոնակարգում կայի՞ն արդյոք թերություններ, և եթե կային թերություններ, ապա ինչո՞ւ էր այն ընդունվել գիտական խորհրդի կողմից:
Դ. ԳԱԼՈՅԱՆ. Իրավաբանական փորձաքննություն գիտական խորհուրդը չէր կարող տալ, իսկ իրավաբանն այդ ժամանակ արձակուրդի մեջ էր: Հայցերից հետո ուղարկվել է փորձաքննության, ըստ որի՝ կարգն ակնհայտորեն հակասում է Աշխատանքային օրենսգրքին, Կրթության մասին օրենքին, Մարդու իրավունքների մասին կոնվենցիային:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Իրավաբանական բաժնի պետը մասնակցել է կանոնակարգի մշակմանը և դրա քննարկումներին: Անկախ իրավաբանական փորձաքննության շրջանակներում իրականացվել է ռիսկերի գնահատում: Նախնական գնահատման արդյունքում բացահայտված 12 ռիսկերից 8-ը գնահատվել են՝ որպես անհիմն, ոչ վերաբերելի կամ քիչ հավանական: Մնացած 4 ռիսկերի վերաբերյալ իրավաբանների հետ քննարկումների արդյունքում ռիսկերից 3-ը գնահատվել են՝ որպես ոչ խնդրահարույց (այսինքն՝ դատական հայցերն այս ուղղություններով շանսեր չեն ունեցել): Այդ 3 ռիսկերն են եղել մրցույթի մեկնաբանությունը՝ որպես դասընթացների մրցույթ, այլ ոչ թե պաշտոնների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար սահմանված ընթացակարգը և 70 տարին լրացած անձանց մասնակցության մասնակի սահմանափակումը: Նշենք, որ վերջին դրույթն առաջարկվել է ներառել կանոնակարգում հենց Դ. Գալոյանի առաջարկությամբ: Կանոնակարգի միակ իրական խոցելի կողմը եղել է գիտական խորհրդում քվեարկության նախատեսված չլինելը. խնդիրը բխել է Կրթության մասին և Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքների հակասություններից: Լուծումը նախատեսված էր տալ գիտական խորհրդի հուլիսյան նիստում՝ լրացումների տեսքով, որը չկայացավ: Օգոստոսի 28-ի նիստում կանոնակարգում կատարվեցին այլ փոփոխություններ, որոնք հանգեցրին ստեղծված իրավիճակին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ որևէ հակասություն չի արձանագրվել:
ՀԱՐՑ. Եթե մրցույթի արդյունքներին գիտական խորհուրդը դեմ քվեարկեց, ապա ինչո՞ւ աշխատանքի ընդունվեցին մրցույթը հաղթահարածները, և ինչո՞ւ դասաժամեր ստացան այն դասախոսները, որոնք չէին հաղթահարել մրցույթը:
Դ. ԳԱԼՈՅԱՆ. Փակ քվեարկություն էր: Թափուր դասաժամեր են ստացել այն դասախոսները, որոնցից, համաձայն հարցման արդյունքների, ուսանողները գոհ են եղել: Մրցույթի արդյունքում ներգրավվել են բարձր մակարդակի կադրեր, և ուսանողների շահերից բխում է նրանց բեռվածություն տալը:
Ա. ՔԹՈՅԱՆ. Մրցույթը չհաղթահարածներին դասաժամեր են տրվել, որովհետև մրցույթը հաղթահարածների մի մասը հրաժարվել է մտնել լսարան: Արդյունքում օգոստոսի 30-ին առաջացել է ֆորս-մաժորային իրավիճակ և թափուր ժամեր, որոնք բաշխվել են մրցույթը չհաղթահարածների միջև: Հրաժարվելով՝ վնասել են բարեփոխումներին և թույլ են տվել մրցույթը չհաղթահարածներին մտնել լսարան:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Նոր ներգրավված կադրերին հատկացվող դասաժամերը կրճատվել են ոչ միայն հրաժարվողների հաշվին, այլև ամբիոնների վարիչների կողմից ավելի փոքր դրույք առաջարկելու հաշվին: Ռեկտորի գործող պաշտոնակատարի տրամաբանությամբ՝ սա հակասել է ուսանողների շահերին: Ուսանողների հարցումները չեն եղել դասաբաշխման հիմնական հիմքը, քանի որ հստակ առկա են փաստեր, որ 4.8-ից բարձր գնահատված դասախոսների դասաժամեր կրճատվել են և նույն ամբիոնում ժամեր են տրվել մրցույթը չհաղթահարած և ուսանողների կողմից 3.9 գնահատված անձանց:
Դասացուցակները կայքում են հայտնվել օգոստոսի 29-ին, և այդտեղ արդեն կան մրցույթը չհաղթահարած դասախոսների ազգանուններ: Հետևաբար՝ պնդումն այն մասին, թե օգոստոսի 30-ին մարդիկ հրաժարվել են և անսպասելիորեն թափուր դասաժամեր են առաջացրել, իրականությանը չի համապատասխանում: Բացի այդ՝ առաջին ֆորս-մաժոր առաջացնողը եղել է գիտական խորհուրդն իր քվեարկությամբ: Պետք է հստակեցնել հաջորդականությունը. ոչ թե նոր դասախոսներն են հրաժարվել և այդպիսով տեղ ազատել մրցույթից դուրս մնացած դասախոսների համար, այլ ղեկավարությունն սկսել է տեղ ազատել այդ դասախոսների համար՝ առաջացնելով անվստահություն բարեփոխումների շարունակականության նկատմամբ, և դրա արդյունքում նոր դասախոսներն սկսել են հրաժարվել: Այս մասին է վկայում նաև այն փաստը, որ դասաժամեր են ազատվել ոչ միայն նոր, այլև հին՝ մրցույթը հաղթահարած դասախոսների դրույքների նվազեցման հաշվին: Անհերքելի է, որ մրցույթը չհաղթահարած դասախոսների վերադարձը ոչ թե հետևանք էր, այլ նպատակ:
ՀԱՐՑ. Մրցույթով անցած դասախոսների ժամերի կրճատման հաշվին է՞լ են դասաժամեր հատկացվել մրցույթը չհաղթահարածներին:
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ. Կոնկրետ ամբիոն, կոնկրետ անուն, կոնկրետ դեպք:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Կոնկրետ՝ կառավարման ամբիոն: Նույնիսկ մի կողմ դնելով դասաժամերից հրաժարվածներին՝ նվազեցվել են հետևյալ մասնագետների դրույքները. Գալստյան Մարինա, Գյուլգյուլյան Լիլիթ, Գրիգորյան Կարմեն, Թովմասյան Գայանե, Թորգոմյան Քրիստինա, Մանուչարյան Վարդանուշ, Մհերյան Արմենուհի, Սարգսյան Կարեն, Քցյան Արթուր, Օհանյան Թագուհի և այլոք: Փոխարենը դասաժամեր են ստացել հետևյալները. Ասլանյան Գագիկ, Բախչագուլյան Աբրամ, Կարախանյան Արմեն, Կարախանյան Սեդա, Հարությունյան Հասմիկ, Հովհաննիսյան Արևիկ, Մկրտչյան Տաթևիկ, Շահնազարյան Նելլի, Սանամյան Աննա, Քոչարյան Մարիանա և այլոք:
ՀԱՐՑ. Կառավարման ամբիոնի վարիչին՝ Գործարար վարչարարություն մասնագիտության կրթական ծրագրում Տնտեսագիտություն դասընթացի համար Ռ. Հայրապետյանից բացի ևս երկու հավակնորդներ կային. ինչո՞ւ են դասաժամերը տրվել այլ անձի:
Խ. ՄԽԻԹԱՐՅԱՆ. Ռ. Հայրապետյանը, ցավոք, հրաժարվեց դասերից: Մյուս երկու հավակնորդներն արդեն համալրել էին իրենց բեռնվածությունն այլ առարկաներով:
Դ. ԳԱԼՈՅԱՆ. Անընդունելի է, որ առարկան սպասարկելու է ոչ մասնագիտացած ամբիոնը: Ունենք տնտեսագիտության տեսության ամբիոն:
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ. Կուրսը հոսքերի են բաժանվել խախտմամբ: Ընդունող հանձնաժողովը մասնակցություն չի ունեցել: Ամբիոնից են զանգել, հարցրել: Պետք է ընտրաթերթիկով մտնեին լսարան, և որոշվեր, թե ինչ է ընտրվում:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Մրցույթի արդյունքներով տվյալ դասընթացի գծով երկրորդ իսկ առաջնահերթությունն ունեցող հավակնորդն ստացել է միայն ժամավճար: Այսինքն՝ տվյալ հավակնորդին չի տրամադրվել նույնիսկ 0.25 դրույք: Չենք բացառում, որ հավակնորդները հրաժարվել են վերցնել Ռ. Հայրապետյանի ժամերը, սակայն ամեն դեպքում գիտական խորհրդում ստացված պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը:
Եթե առարկաների սպասարկումը ոչ մասնագիտական ամբիոնների կողմից ռեկտորի գործող պաշտոնակատարի համար անընդունելի է, ապա ողջունելի է, որ նա քննադատում է մրցույթի հայտարարության օրվա դրությամբ ուսումնական գծով պրոռեկտորին:
Ողջունելի է նաև գործող պրոռեկտորի քննադատությունը նույն՝ ուսումնական գծով նախկին պրոռեկտորի հասցեին: Միայն պետք է ավելացնել, որ երբ ընտրովի բաղադրիչներ կան հենց առաջին կիսամյակում և հենց առաջին ցիկլում, ապա ընտրության ավանդական մեթոդները չեն աշխատում: Այդուհանդերձ, կազմակերպվել է դիմորդների հավաք ամռանը, որի ընթացքում նրանց բաժանվել են համապատասխան ընտրաթերթիկներ:
ՀԱՐՑ. Ուսանողների հարցման ո՞ր արդյունքի դեպքում են ժամեր տրվել մրցույթը չհաղթահարածներին:
Դ. ԳԱԼՈՅԱՆ. Միջին թվաբանականով: Բուհի միջին թվաբանականը 4.3 է ստացվել: Առնվազն միջինից բարձր:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Թեև գործող պաշտոնակատարն այդպես էլ չցանկացավ կամ չկարողացավ հստակ թիվ բարձրաձայնել, մենք կարող ենք ենթադրել, որ 1-ից 5 սանդղակի միջին արժեքը 3-ն է: Հարցումն անցկացվել է 300-ից ավել դասախոսների վերաբերյալ, և նրանցից միայն 10-ի միջին թվաբանական գնահատականն է եղել 3-ից ցածր: Ահա թե ինչի է ռեկտորի գործող պաշտոնակատարը վերածել Ռ. Հայրապետյանի բարեփոխումը. ընդամենը 10 դասախոս:
Այն, որ բուհի միջին թվաբանականը եղել է 4.3, մեկնաբանվում է՝ որպես նախկին կազմի լավ ցուցանիշ: Բացի նրանից, որ այդպիսի մեկնաբանություն տվողը խոչընդոտելու է բարելավմանը, ակնհայտ է, որ 4.3 ցուցանիշն ինքնին գնահատական չէ՝ առանց դինամիկայի և առանց բաշխվածքի:
ՀԱՐՑ. Ի՞նչ հիմքով է առաջարկվել Ռ. Հայրապետյանին դասավանդել, եթե արդեն ընդունվել է բացասական որոշում:
Դ. ԳԱԼՈՅԱՆ. Ապատեղեկատվություն է, որ զրկել են որպես պրոֆեսոր դասավանդելու հնարավորությունից: Մրցութային կարգի արդյունքները չէին հաստատվել գիտական խորհրդի կողմից: Բացի Ռ. Հայրապետյանից՝ ևս 276 հոգու արդյունքներ չեն հաստատվել: Օրենքը թույլ է տալիս ամբիոնի վարիչի զեկուցագրի հիման վրա թափուր ժամերի հաշվին ձևակերպել պրոֆեսորի պաշտոնում:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Կրթության մասին օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասում գրված է, որ համապատասխան պաշտոններն զբաղեցվում են բուհի կառավարման մարմիններում քվեարկությամբ ընտրելու արդյունքով: Գիտական խորհրդում պրոֆեսորների քվեարկությունն իրականացվել է առանձին քվեաթերթիկներով՝ 276 հոգուց զատ: Արձանագրվել է հստակ որոշում՝ Ռ. Հայրապետյանին համարել չընտրված: Պրոֆեսորի պաշտոնում ձևակերպման որևէ այլ ընթացակարգի գոյության մասին խոսակցությունն իրական ապատեղեկատվություն է:
Այսպիսով՝ գիտական խորհրդի առանձին անդամներից մեր ստացած պատասխանները գրեթե ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը, ինչն ամրապնդում է մեր անվստահությունը Դ. Գալոյանի, Ա. Գրիգորյանի, Ա. Քթոյանի և Խ. Մխիթարյանի աշխատանքային գործունեության և աշխատելաոճի նկատմամբ:
Հետագայում կանդրադառնանք մեր բուհի նաև այլ պաշտոնյաների գործողություններին: