Օծվեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնված զանգակատան խաչը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Դսեղի հնագույն սրբավայրերից մեկն է՝ կառուցված 5-7 դարում, վերակառուցված 1900թ.։ Դեռևս խորհրդային շրջանում քանդված զանգակատունը վերականգնվել և եկեղեցին վերանորոգվել է ռուսաստանաբնակ Ալիկ և Կամո Գասպարյան եղբայրների և Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Արմեն Թումանյանի բարերարությամբ։
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը, տարածաշրջանի հոգևոր հայրեր, զանգակատան ճարտարապետը, աշխատանքներին մասնակցություն ունեցած շինարարները և բարեպաշտ ուխտավորներ։
Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին, գնահատանքի խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց նյութական ու բարոյական աջակցությունն են ցուցաբերել զանգակատան վերականգնման, եկեղեցու վերանորոգման աստվածահաճո գործին և բարերար Արմեն Թումանյանին նվիրեց պատկերազարդ ալբոմ։
Արարողության ավարտին բարերարների կողմից մատուցվեց մատաղ։
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ