Կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու

Այսօր կայացած կառավարության նիստում, ի թիվս այլ որոշումների,  գործադիրն նաև ամրագրում է կատարել՝ պայմանավորված 2018 թ. ամառային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների զորակոչի և զորակոչից տարկետումների գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:
 
Ըստ այդմ՝ 2018թ. ամառային զորակոչի ավարտը նախատեսվում է օգոստոսի 11-ը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ առողջապահության ու ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ համապատասխանաբար ապահովելու զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտությունների ավարտական ակտերի, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան  որոշումներով նախատեսված անվանացուցակների տրամադրման գործընթացը:
 
Միաժամանակ, որպեսզի զորակոչի ավարտի երկարաձգումը չազդի սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրման գործընթացի վրա՝ զորացրումների վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 31-ը ներառյալ:  
 
Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: 
 
- Կա քննարկում, թե արդյոք այս թեման ուսումնասիրվում է: Այդ թեման ուսումնասիրում է Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով. դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի: Ցավոք, զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք չարաշահումներ ունենալ,- տարակուսանք է հայտնել վարչապետը՝ հավելելով.
 
- Ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել: Հետևողականորեն աշխատելու ենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Զարմանալի է, որ այսքան հայտարարություններից հետո նման դեպքերը շարունակվում են: Թող որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք,- ասել է նա՝ կրկին հայտարարելով, որ կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու: 
 
Կառավարության որոշումներով ամառային զորակոչից տարկետում են  ստացել  մշակույթի և սպորտի բնագավառներում  նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ: