Չլողալ Սևանա լճի «ծաղկած»՝ ջրիմուռներով առատ ափերում

ԱՆ ՀՈՐԴՈՐԸ

 
Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին՝ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: 
 
 
Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում՝ հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց  ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել՝ «ծաղկած»  ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ 
 
Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, (մասնավորապես, բերանի և քթի շուրջ),  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։  
 
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
 
չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում, 
 
արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
 
վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի: