Խնձորեսկի գյուղատեղին՝ հոգածության ներքո
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
![](/files/uploads/2018/07/451-63a74821ba84ab289b62ebdd745a4e9b.jpg)
ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության Խնձորեսկ գյուղատեղիի տարածքում «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքների վերահսկման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ծրագրի նախաձեռնողների հետ, որոնք տեղեկացվել են, որ ծրագրի շրջանակում պատմամշակութային անշարժ հուշարձանների ամրակայմանը, վերականգնմանը և նորոգմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ գիտա-նախագծային փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ է ներկայացնել բնագավառի լիազոր մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը: Նախարարությունն առաջարկել է աշխատանքներն իրականացնել փուլային տարբերակով, որպեսզի ապահովվի դրանց վերահսկելիությունը:
ՀՀ մշակույթի նախարարությունը «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» տնօրինությանը նախազգուշացրել է նախարարության շրջանցմամբ կամ անտեսմամբ հավանական քայլերի անթույլատրելիության և դրանց համար օրենսդրական պատասխանատվության մասին: Նախարարությունը տեղեկացնում է, որ տիրապետում է օրենքի գերակայությունն ապահովող էապես ազդեցիկ և կիրառելի լծակների:
Ինչ վերաբերում է տարածքում տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից իրականացվող գործունեությանը՝ ապօրինի շինարարություն, ընտանի կենդանիների բուծում և այլն, դրանք սահմանված կարգով դադարեցվել են, տարածքում սահմանվել է խիստ հսկողություն. նախարարության տարածքային և մարզային համապատասխան կառույցները, իրավապահների հետ համագործակցելով, հետևում են օրինականության պահպանմանը:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ