«Սա մեր քաղաքական խնդիրն է ու պարտավորությունը». Նիկոլ Փաշինյան
ԱՌԱՋԻԿԱ ՓՈՒԼՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ ԱՊԱՀՈՎԵԼ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:

- Առնվազն առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը, որպեսզի նրանք այդ բուժօգնության ամբողջական կամ որոշակի տրամաբանական փաթեթների նկատմամբ ունենան հասանելիություն,- ընդգծել է վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայություններին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին, բուժօգնության ֆինանսավորման մեխանիզմներին: Նախարարի խոսքով՝ ներկայումս տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակներում առաջանում են հերթեր, ինչը լուրջ խնդիրն է առաջացնում այն քաղաքացիների համար, որոնց վիրահատությունը կամ բուժօգնությունն անհրաժեշտ է լինում տվյալ պահին: Ըստ նրա, հերթերը պայմանավորված են միջոցների սղությամբ, որոնք բաշխվում են ըստ ամիսների:
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այս պարագայում առողջապահական ապահովագրության համակարգը դիտում են որպես խնդրի լուծման ամենաադրյունավետ մեխանիզմներից մեկը, և հավելել, որ պետական ծառայողների համար այժմ գործող ապահովագրական համակարգը գործում է ընդհանուր առմամբ արդյունավետ: Նա անհրաժեշտ է համարել դիտարկել ժամանակի ընթացքում ամբողջությամբ ապահովագրական համակարգի անցնելու հարցը:
Գործադիրի ղեկավարը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ մանրամասն քննարկել և արդյունքները ներկայացնել իրեն: