Որ նախորդ իշխանությունների կողմից թույլ տրված կամայականությունների ծանր բեռից ձերբազատված մուտք գործենք Նոր Հայաստան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայաստանում սկսված հեղափոխական գործընթացների շարունակականությունը ենթադրում է այնպիսի քայլերի իրականացում, որոնք թույլ կտան բարեփոխումների ալիքը տարածել նաեւ հասարակական ինստիտուտների կայացման վրա: Այդպիսի քայլերից է Ռեաբիլիտացիայի ուղղությամբ կոնկրետ գործողությունների ձեռնարկումը, որոնք խթան կհանդիսանան ճշմարիտ գնահատական տալու Հայաստանի Հանրապետության անկախության տարիների պատմությանը և լույս սփռելու նրա մութ էջերի վրա:
Ցավոք, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմությունը հայտնի է ոչ միայն Արցախի ազատագրական պայքարի ու պետականաշինության որոշակի հաջողություններով, այլեւ այնպիսի լրջագույն բացթողումներով, ինչպիսիք են ազատ կամարտահայտության եւ քաղաքական խոսքի ազատության նկատմամբ թույլ տրված կոպիտ ոտնահարումներն ու բռնությունները: Նախորդ իշխանության բոլոր ժամանակահատվածներում ՀՀ-ում եղել են քաղաքական հալածյալներ, ովքեր հետապնդման են ենթարկվել բացառապես իրենց քաղաքական գործունեության կամ հայացքների համար: Հետապնդումներից անմասն չեն մնացել նաև զանգվածային լրատվամիջոցները, որոնք հալածանքների են ենթարկվել անաչառ տեղեկատվություն տարածելու իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելու համար:
Այդ տեսակետից հիշատակելի է «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստատեսային ընկերությունների օրինակը, որոնց եթերազրկումը պայմանավորված էր զուտ քաղաքական դրդապատճառներով: Շատ ցանկալի է, որ նախորդ իշխանությունների կողմից թույլ տրված անարդարությունների, կամայականությունների ծանր բեռից ձերբազատված մուտք գործենք Նոր Հայաստան, որի հիմքերն այսօր հաջողությամբ դրվում են:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ՀՀ վարչապետի կամ նախագահի աշխատակազմին առընթեր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի նախորդ իշխանությունների օրոք հանիրավի մեղադրված կամ հեղինակազրկված անձանց եւ կազմակերպությունների իրավունքները վերականգնելու խնդրով: Հանձնաժողովի կազմում առաջարկում ենք ընդգրկել բարձրակարգ իրավապաշտպաններ, փաստաբաններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լիազորված կլինի ուսումնասիրել եւ կառավարությանը ներկայացնել «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաեւ ճշտորոշել այն անձանց ու կազմակերպությունների ցանկը, որոնք կհամապատասխանեն սույն օրենքի չափորոշիչներին:
«Ժառանգություն» կուսակցություն
22 հունիսի 2018թ., Երևան