«Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են…»

Ի՞նչն է կարևորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ՀՔԾ աշխատակիցներին ներկայացնելիս:
 
- Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաև այդպիսի պաշտոնյաների հետ: ՀՔԾ քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը, դրոշը և այս խորհրդանիշները պետք է արտահայտեն այն գործառույթը, որն իրականացնում է ՀՔԾ-ն,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Եվ, իսկապես, ինչո՞ւ և ի՞նչ տրամաբանությամբ են տարիներ շարունակ պաշտոնյաները (և ոչ միայն ՀՔԾ-ի) երկրի կենդանի ղեկավարի մեծադիր լուսանկարը փակցրել իրենց գխավերևում՝ պետության Զինանշանից ու Դրոշից էլ ավելի նկատելի: Անձի պաշտամունքի նախադուռ է դա, ինչն էլ ասես ուղղորդել է նրանց՝ աշխատելու ոչ թե հանուն պետության ու ժողովրդի, այլ թիվ 1 իշխանավորին դուր գալու, նրա քմահաճույք-պահանջները կատարելու ջանադրությամբ:
 
Մյուս պահանջներից մեկն էլ, ինչն անսպասելի չէր՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է.
 
- Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով. - Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով: 
 
Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծառայության արդեն նախկին պետ Վահրամ Շահինյանին և շնորհավորելով նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ծառայությունը կիրականացնի իր առջև դրված բոլոր գործառույթները. 
 
- Օրենսդրությամբ սահմանված է, որ Հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, և հաջորդ ամենակարևոր գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են։ Այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որ ունի Հատուկ քննչական ծառայությունը մեր կյանքում և, ընդհանրապես, իրավակարգի ապահովման բնագավառում:
 
Վարչապետը նաև նշել է. 
 
- Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են։ Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ Հատուկ քննչական ծառայության առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը, և ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը։
 
Իսկ ՀՔ ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ ՀՔԾ կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր՝ 
 
- Դրա համար ունենք կամք: Վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք Հատուկ քննչական ծառայության առջև դրված բոլոր խնդիրները: