Ջուր Լուսնի վրա՞
Միայն թե լավ չի լինի, եթե սա պատերազմ հրահրողներին հույսեր տա, թե Երկրագունդն ամայացնելուց հետո կարող են այնտեղ խաղաղ հանգրվան գտնել: Իսկ ահա որոշ տաք գլուխներ արդեն դեպի Լուսնի շուրջը զբոսաշրջային ծրագրեր են մտմտում:
Տիեզերքի գաղտնիքները փորփրող գիտնականները շատ կարևոր են համարում որևէ տիեզերական մարմնի վրա ջրի գոյությունը: Ըստ էության՝ սա է այն եզակի պայմանը, որը կարող է կյանքի առկայություն ենթադրել: Ընդ որում, կարևոր չէ՝ այդ կյանքը անցյալում եղել ու վերացե՞լ է, այդ պահին առկա՞ է, թե՞ հնարավորություն է ընձեռում հեռավոր պագայի համար: Ջրառատ Երկիր մոլորակի բնական արբանյակի մասին էլ միշտ ասվել է, թե զուրկ է կյանքի համար անհրաժեշտ ամենայն բաղադրիչից, իսկ ջրի մասին խոսել նույնիսկ չարժե:
Բայց ահա անխոնջ գիտնականների պրպտումներն արդյունք են տվել՝ Լուսնի վրա ջրի առկայությունը բացառված չէ: Ընդ որում՝ դա բնավ էլ երկրայինի նման օվկիանոսային ու գետային ցանց չէ, ոչ էլ նույնիսկ մի պստիկ ջրափոս կամ առվակ: Սառցաբեկորների տեսքով էլ չէ: Լուսնի մակերևույթը լիովին ջրազուրկ է, որովհետև մթնոլորտից ու մագնիսական դաշտից զուրկ երկնային մարմնի մակերևույթին ջուրը չի կարող մնալ: Փորձագետները պարզապես քննության են ենթարկել լուսնային ապարները և ինչպես «Նեյշն նյուզն» է հաղորդել՝ պարզել են, որ այնտեղ եղած ջրածինը մեր մոլորակում եղածին շատ է նման: Ըստ երևույթին՝ լուսնային ջուրը կարող է տեղավորված լինել նրա կեղևի տակ կամ միջուկում:
Լուսնի ծագման մասին բազմաթիվ տեսություններ, զրույցներ ու առասպելներ են տարածվել, որոնցից մեկն էլ այն է, թե սին լույսով փայլող մեր գիշերային լուսատուն չորսուկես միլիարդ տարի առաջ երկրից պոկված մի բեկոր է՝ որպես հետևանք երկնային խոշոր մարմնի հետ բախման: Եթե ջրի վերաբերյալ այս տեսությունը փաստական հաստատում ստանա, այս վարկածն ամենահավանականը կհամարվի:
Որ մարդը Լուսնի վրա եղել է և կարող էր այնտեղից նմուշներ բերել, կարծես թե կասկածելի չէ: Սակայն վերջերս հենց սա է, որ կասկածի տակ է առնվում: Ասում են՝ կա՛մ Ամերիկան ուղղակի ամեն ինչ բեմադրել է, կա՛մ եթե Լուի Արմսթրոնգն իրոք Լուսնի մակերևույթին ոտք է դրել, ապա այնտեղ բանական այլ՝ առավել զարգացած արարածների հետ բախվելով՝ Երկիր է վերադարձել, որպեսզի անհնար դարձնի մարդու վերադարձը:
Այն հանգամանքը, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ ԽՍՀՄ-ն իրենց լուսնային ծրագրերին հետագայում զարկ չտվեցին, սրա օգտին է խոսում, թեև իհարկե՝ ոչ մի չափով չի ապացուցում: Եթե այսօր ասում են, թե Լուսնի վրա կարող է ջուր լինել, ուրեմն դրա ընդերքը որպես կայան օգտագործելը նույնպես անհավանական չի թվում:
Ամեն օր Լուսնի փուլերին հետևող, նրա փայլի տակ երեկոներ անցկացնող մարդկությունը չի կարող անտարբեր նայել տիեզերքի իր մերձավորագույն հարևանին, ու անընդհատ որոնելու է նրա գաղտնիքները: Սակայն գիտնականներն արդեն համամիտ են, որ Երկիր մոլորակի վրա մարդու գոյությունն անհնար կլիներ, եթե չլիներ Լուսինը՝ կարծես հատուկ հաշվարկված իր մեծությամբ ու զանգվածով, իր կազմությամբ, երկրից ունեցած հեռավորությամբ, ձգողականության ուժով Երկրի վրա ունեցած իր ներգործությամբ: Ու հենց սրանով էլ Լուսնի սառը փայլը կարող է մարդու սիրտը ջերմացնել: